Կյանքից հեռացավ մաեստրո Օհան Դուրյանը


Կյանքից հեռացավ մաեստրո Օհան Դուրյանը

  • 06-01-2011 17:57:15   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունվարի 6-ին կյանքից հեռացավ մաեստրո Օհան Դուրյանը: Նրա այրին` Ալիս Դուրյան-Շամիրյանը, հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է. «Այսօր` Սուրբ Ծննդյան առավոտյան, երկարատեւ հիվանդությունից հետո, ժամը 7:45-ին կյանքից հեռացավ XXդ.-ի մեծագույն կոմպոզիտորներից մեկը` Օհան Դուրյանը: Իր վերջին խոսքերն իր հանգուցյալ մորն էին ուղղված, մտքերն` իր հայրենիքի հետ էին: Մաեստրոն հեռացավ խաղաղ` հանգելով Մոցարտի երաժշտության հնչյունների ներքո, որ խնդրեց միացնել իր համար եւ որոնց հոգեվարքի պահին անգամ` չափ տվեց .... մի վերջին անգամ: Նրա մահճի մոտ էին իր հարազատներն ու ամենամերձավոր բարեկամները: Օհան Դուրյանն ապրեց քաղաքացու եւ մտավորականի ամբասիր կյանքով եւ երբեք զիջումների չգնաց իր խղճի հաշվին: Մնաց իր սկզբունքների հավատարիմ, որ կոչված էին ծառայելու իր ժողովրդին: ժամանակներն ու մարդիկ անցողիկ են, արժեքները` մնայուն: Եվ Օհան Դուրյանն այդ մնայուն արժեքներից է: Նա գնաց, բայց շարունակում է ապրել իր մշակութային անգնահատելի ժառանգությամբ եւ իր հայրենիքի արժանավոր քաղաքացիների հոգիներում: Այն ամենն ինչ ուներ` Դուրյանը տվեց իր ժողովրդին: Եվ ժողովուրդն անշուշտ` կհատուցի նրա հիշատակին: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ողջ հայությանն` այն անսահման եւ անկեղծ սիրո համար, որ ցուցաբերեց մաեստրոյին այս ողջ ընթացքում: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց` ովքեր մեր կողքին էին այս դժվար ու ծանր օրերին: Աստված Ձեզ պահապան: Աղոթենք միասնաբար մաեստրոյի հոգու հանգստության համար»:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play