Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ՝ Լեհաստանի Գդանսկ քաղաքում


Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ՝ Լեհաստանի Գդանսկ քաղաքում

  • 24-03-2015 12:42:16   | Լեհաստան  |  Մշակույթ

Մարտի 20-ին Լեհաստանի Գդանսկ քաղաքի Հայկական նրբանցքում գտնվող Սուրբ Պողոս Պետրոս կաթոլիկ եկեղեցու շրջակայքում տեղակայված հայկական խաչքարի մոտ Հայ կաթողիկե եկեղեցու Հյուսիսային թեմի առաջնորդ Ցեզարի Անուսևիչի կողմից հոգեհանգստի կարգ մատուցվեց՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի, որից հետո տեղի ունեցավ մոմավառություն ու ծաղկեպսակների զետեղման արարողություն:
 
Միջոցառմանը ներկա էին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, Գդանսկի քաղաքային իշխանությունների և հայ համայնքի ներկայացուցիչներ:
 
Հայ կաթողիկե եկեղեցու Հյուսիսային թեմի առաջնորդի ուղեկցությամբ դեսպան Ղազարյանը շրջայց կատարեց Սուրբ Պողոս Պետրոս կաթոլիկ եկեղեցու տարածքում, ծանոթացավ եկեղեցու վերանորոգման ծրագրին և գրառում կատարեց պատվավոր հյուրերի գրանցամատյանում:
 
Նույն օրը Գդանսկի պատմության թանգարանում մեկնարկեց Լեհաստանում բնակվող ճանաչված հայ նկարիչ Գագիկ Պարսամյանի «Ծաղիկների ջրվեժ» խորագրով նկարների ցուցահանդեսների շարքը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ցուցահանդեսն իրականացվում էր Լեհաստանում ՀՀ դեսպանության և Գդանսկի քաղաքապետարանի հովանու ներքո:
 
Միջոցառմանը ներկա էին դեսպան Ղազարյանը, Գդանսկի քաղաքապետ Պավել Ադամովիչը, պատմության թանգարանի տնօրեն Ադամ Կոպերկիևիչը, Հայ կաթողիկե եկեղեցու Հյուսիսային թեմի առաջնորդ Ցեզարի Անուսևիչը, Գդանսկի քաղաքապետարանի, Գդանսկում և հարակից բնակավայրերում ապրող հայ համայնքի, հասարակական կազմակերպությունների, մշակութային հիմնադրամների ներկայացուցիչներ, լրագրողներ:
 
Ցուցահանդեսում ներկայացված 100 նկարները խորհրդանշում էին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, իսկ պատկերված ծաղիկների ջրվեժը՝ հայ ժողովրդի վերածնունդը: «Ծաղիկների ջրվեժ» խորագրով թվով 10 ցուցահանդեսներ կազմակերպվելու են նաև ինչպես Լեհաստանի, այնպես էլ Եվրոպայի մի շարք քաղաքներում, և ավարտվելու են Հայաստանում:
 
Ցուցահանդեսի բացմանը ողջույնի խոսքով ելույթ ունեցան դեսպան Ղազարյանը, Գդանսկի քաղաքապետ Պավել Ադամովիչը և Գդանսկի պատմության թանգարանի տնօրեն Ադամ Կոպերկիևիչ, ովքեր իրենց գոհունակությունը հայտնեցին Գագիկ Պարսամյանին՝ հրաշալի և նրբագեղ նկարների, հայ-լեհական մշակութային կապերի ամրապնդման գործում ցուցաբերած իր հոգատարության և գեղեցիկ միջոցառման կազմակերպման համար: 
 
URL: http://www.mfa.am/hy/press-releases/item/2015/03/20/gdansk_events/
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play