«Արտակարգ դրություն» Երևանի Կենտրոնի դատարանում. դատարան են բերվել կասկածյալներ Ծգլը, Տլեն և Գաստրիկը (Լրացված-Տեսանյութ)


«Արտակարգ դրություն» Երևանի Կենտրոնի դատարանում. դատարան են բերվել կասկածյալներ Ծգլը, Տլեն և Գաստրիկը (Լրացված-Տեսանյութ)

  • 26-03-2015 14:10:30   | Հայաստան  |  Իրավունք



 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ առաջ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության 3-րդ հատուկ գումարտակի մեծ թվով ծառայողներ ուժեղացված հսկողությամբ Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան բերեցին 29-ամյա Սարգիս Գրիգորյանին (մականունը՝ Ծգլ), 31-ամյա Սարգիս Հախանումյանին (մականունը՝ Տլե) և 31-ամյա Վահան Հակոբյանին (մականունը՝ Գաստիկ): Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դատարան բերված անձինք ձեռնաշղթայված էին:
 
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ԱԱԾ քննչական վարչությունը կրկին դիմել է նշված դատարան, որպեսզի դատարանը նրանց նկատամբ որպես խափանման միջոց նախկինում կայացրած վճիռը վերահաստատի: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այս պահին դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ դռնփակ դատական նիստը սկսվել է, որից հետո դատավորը պետք է գնա խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:
 
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դատարանում ուժեղացված ծառայություն են կատարում «կարմիր բերետները», դատարանի կարգադրիչները, սակայն լարվածություն չի նկատվում. հավանաբար, ուժեղացված ծառայությունը, առաջին հերթին, անհրաժեշտ է հենց կասկածյալներին: 
 
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 4-ին կրակոցներ էին հնչել Երևանում: Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկի՝ «Սովետաշենի բանտ»-ի մոտ, անհայտ անձը կամ անձինք կրակոցներ էին արձակել, ինչի հետևանքով 1 հոգի մահացել էր, 2 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ դեպքի վայր էին ժամանել ՀՀ ոստիկանության մեծ թվով աշխատակիցներ, ոստիկանապետի առաջին տեղեկալ գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանի գլխավորությամբ, տեղում էին նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Աշոտ Կարապետյանը, ոստիակության քրեական հետախուզության գլխավոր վարչության մեծ թվով աշխատակիցներ, ինչպես նաև Ազգային անվտանգության ծառայության խմբերը: 
 
Դեպքի վայրից ոչ հեռու հայտնաբերվել էին ավտոմատ «Կալաշնիկով»-ներ, «Մակարով» տեսակի ատրճանակ և մեծ թվով կրակված պարկուճներ: Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են Lexus մակնիշի 15 TA 777 համարանիշի ավտոմեքենան, որով Էրեբունի հիվանդանոց էին տեղափոխվել 2 վիրավորները, ովքեր հիվանդանոցում մահացել էին: Lexus-ի վրա եղել են մեծ թվով կրակած հետքեր, ինչպես նաև արյուն: 
 
Սպանվածները հանցագործ աշխարհում հայտնի հեղինակություններ՝ 43-ամյա Լևոն Ղազարյանն էր, ով ավելի շատ հայտնի էր որպես «Երրորդմասցի Լյովիկ», 35-ամյա Դրաստամատ Թադևոսյանը՝ Դերո մականունով, ովքեր մահացել էին «Էրեբունի» հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին, իսկ 3-րդ սպանվածը Մեսրոպ Նազարյանցն էր, ով մահացել էր տեղում՝ հրազենային մահացու վնասվածք ստանալով գլխի շրջանում: 
 
***
 
13:30
 
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ դատավոր Գ. Պողոսյանը դռնփական դատական նիստն անցկացնելով ու խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարեց քննչական մարմնի միջնորդությունը և Սարգիս Գրիգորյանը (Ծգլ մականվամբ), վերցվեց երկամսյա կալանքի:
 
Այս պահին դռնփակ դատական նիստ է սկսվել նույն դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի նախագահությամբ, որտեղ քննչական մարմինը դիմել էր, որպեսզի «Տլե» մականվամբ Սարգիս Հախանումյանի նկատմամբ դատարանը կայացնի երկամսյա կալանքի որոշում:
 
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Նոյյան տապան  -   Իրավունք