ԼՂՀ վարչապետը պարզաբանել է պետական վճարումների գործընթացին վերաբերող հարցերը


ԼՂՀ վարչապետը պարզաբանել է պետական վճարումների գործընթացին վերաբերող հարցերը

  • 30-03-2015 17:48:56   |   |  Տնտեսություն

Այսօր` մարտի 30-ին, տեղի է ունեցել ԼՂՀ կառավարության հերթական նիստը` վարչապետ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ:
Կառավարության քննարկմանն է ներկայացվել «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» ԼՂՀ օրենքի նախագիծը: «ԼՂՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «ԼՂՀ քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ԼՂՀ օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում են փոփոխություններ զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործություններին վերաբերող որոշ կետերում:
Քննարկվել է նաև «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ԼՂՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է  ապահովել գույքի (այդ թվում` դրամական միջոցների) սեփականատիրոջ իրավազորությունների բնականոն իրականացումը: Նախագծով առաջարկվում է սահմանել, որ հաճախորդի հաշիվները սպասարկող բանկը կամ վարկային կազմակերպությունը կարող է արգելանք դնել հաճախորդի դրամական միջոցների վրա այն չափով, որը նշված է հարկադիր կատարողի որոշման մեջ:
 
««Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԼՂՀ օրենքի նախագծով առանձին կատեգորիաների անձանց սոցիալական պաշտպանվածության մակարդակը բարձրացնելու առաջարկ է արվում, մասնավորապես՝
 
1) զոհված զինծառայողների ընտանիքների՝ աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակ ստացող անդամներին ամենամսյա պարգևավճար կնշանակվի (ներկայացված դիմումների հիման վրա)՝ անկախ աշխատելու հանգամանքից:
 
2) զոհված կամ մահացած զինծառայողների ընտանիքների՝ աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակ ստացող անդամներին մինչև 2012 թվականի հունվարի 1-ը նշանակված կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակները կփոխարինվեն ամենամսյա պարգևավճարներով:
 
Օրինագծերը կներկայացվեն ԱԺ-ի քննարկմանը:
 
Կառավարության հաստատմանն էր ներկայացվել առողջությանը պատճառած վնասի ծանրությունը պարզելու նպատակով դատաբժշկական փորձաքննության իրականացման կարգը և տարբեր վնասվածքների հետևանքով առաջացած ընդհանուր աշխատունակության կայուն կորստի տոկոսները: Դատաբժշկական փորձաքննություն իրականացնող փորձագիտական հիմնարկների կողմից իրականացվող դատաբժշկական փորձաքննությունների միասնական կարգի բացակայության պատճառով ստեղծվել են երկընտրելի գնահատողական չափորոշիչներ, ինչը պատճառ է հանդիսանում  կրկնակի, լրացուցիչ և հանձնաժողովային փորձաքննությունների նշանակման և անցկացման, որը հանգեցնում է ժամանակի վատնման և ֆինանսական չարդարացված լրացուցիչ ծախսերի կատարման, քրեական գործերի նախաքննության ժամկետների ձգձգման: Ընդունված որոշումը միտված է կարգավորելու բոլոր հարցերը:
 
Գործադիր մարմնի հավանությանն են արժանացել Հադրութի շրջանի Տողի, Ուխտաձորի, ինչպես նաև   Ասկերանի շրջանի Խրամորթի ենթաշրջանների գյուղատնտեսության զարգացման 2015թ. ծրագրերը: Մոտավորապես 150մլն  դրամի շրջանակներում իրականացվելիք ծրագրերով, առկա ռեսուրսների արդյունավետ օգտագործման արդյունքում ակնկալվում է բնակչության կենսապայմանների աստիճանական բարելավում  և բնակչության արտահոսքի կանխում գյուղական բնակավայրերից: Օրինակ բերելով նախորդ ենթաշրջանային ծրագրերի փորձը՝ վարչապետը վստահություն է հայտնել, որ նոր ծրագրերը կխթանեն գյուղատնտեսության զարգացումը շրջաններում:
 
Վտանգավոր սննդամթերքի, անասնակերի, սննդամթերքի և անասնակերի հետ առնչվող վտանգավոր նյութերի, սննդային և կերային հավելումների օգտահանման ու ոչնչացման գործընթացն առավել օպերատիվ և նպատակային կազմակերպելու և հստակեցնելու անհրաժեշտությունից ելնելով գործադիր մարմինը փոփոխություններ և լրացումներ է կատարել համապատասխան որոշման մեջ: Կառավարությունը հաստատել է նաև գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացվող ստուգումների ստուգաթերթերը:
 
Գործադիր մարմինը փոփոխություններ է մտցրել հանրապետության շրջանների 200 և ավելի բնակչություն ունեցող համայնքների խմելու ջրի մատակարարման համակարգերի զարգացման ծրագրում: Նախատեսված ծրագրով  22 համայնքներից 16-ում նախատեսված աշխատանքներն ավարտված են: Աշխատանքի խոշոր ծավալներով պայմանավորված, 6 համայնքում դրանք կերկարաձգվեն և կավարտվեն  առաջիկա տարիներին:
 
ԼՂՀ-ում ռադիոհեռուստատեսային բնագավառում հեռարձակման զարգացման և թվային համակարգի ներդրման ծրագրով սահմանված է, որ բնակչության ավելի քան 90 տոկոսին պետք է հասանելի լինի թվային ազդանշանը, սակայն ծրագրի որոշ դրույթներ դեռևս ընթացքի մեջ են,  ինչով պայմանավորված  2014 թվականի նախատեսված միջոցառումների մի մասը հետաձգվելու է 2015-2016թթ.: Վարչապետն ընդգծել է, որ դա ծրագրի իրականացման  վերջին երկարաձգումն է, և հորդորել է հետամուտ լինել այս տարեվերջին այն ավարտին հասցնելու գործին: Արայիկ Հարությունյանի խոսքով` կառավարությունը, անհրաժեշտության դեպքում, միջամտելու է սոցիալապես անապահով խավի համար ծրագրով անհրաժեշտ սարքավորումներ ձեռքբերելու հարցում:
 
Կառավարության որոշման համաձայն` 2015 թվականի մայիսի 9-ի՝ Շուշիի ազատագրման 23-ամյակի կապակցությամբ և Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ 100-հազարական դրամ միանվագ օգնություն կհատկացվի Հայրենական մեծ պատերազմի (1941-1945 թվականների) մարտական գործողությունների մասնակիցներին և զոհվածների ընտանիքների անդամներին, իսկ 50-հազարական դրամ` Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներին և մասնակիցներին հավասարեցված անձանց:
 
Կառավարությունը հաստատել է ԼՂՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2015-2016 ուսումնական տարվա ընդունելության՝ ըստ մասնագիտությունների անվճար և վճարովի բակալավրի կրթական ծրագրով առկա ուսուցման տեղերը և հեռակա ուսուցման վճարովի տեղերը: Որոշման համաձայն՝ ԱրՊՀ-ում բակալավրի կրթական ծրագրով 25 մասնագիտությունների գծով նախատեսված է 200 անվճար և 465 վճարովի տեղեր, <Հայաստանի ազգային ագրարային համալսարան>-ի Ստեփանակերտի մասնաճյուղում` 90 անվճար և 190 վճարովի, իսկ միջին մասնագիտական կրթական ծրագրով` 10 մասնագիտությունների գծով` 120 անվճար և 135 վճարովի տեղեր: ՀՀ 13 բուհերում 49 մասնագիտությունների գծով հատկացված են 60 անվճար և 20 վճարովի տեղեր:
 
Կառավարության ղեկավարը դժգոհություն է հայտնել, որ պահանջարկ ունեցող մասնագիտությունների ընտրության հարցում համապատասխան օղակներում բացատրական աշխատանք գրեթե չի կատարվում, այդ պատճառով  գյուղատնտեսության, հանքարդյունաբերության և բնապահպանության ոլորտներում անհրաժեշտ մասնագետների պակասը չի լրացվում:
 
Կառավարության կողմից հաստատվել է նաև ԼՂՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2015-2016 ուսումնական տարվա ասպիրանտուրայի մասնագիտությունների ցանկը, անվճար և վճարովի ուսուցման տեղերը և պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքներով (վճարովի) առկա և հեռակա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով տեղերը:
 
Նոր ուսումնական տարվանից  ԼՂՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) հաստատությունների թիվը ավելանալու է մեկով` գործելու  է Շուշիի արհեստագործական նոր ուսումնարանը` ուսուցման նոր մեթոդներով: Վարչապետի խոսքով` կրթօջախի վարպետները վերապատրասվել են ֆրանսիայում և ժամանակակից տեխնոլոգիաներով  ու փորձով պատրաստ են իրենց ունեցած գիտելիքները փոխանցել ուսումնարանի սաներին, ովքեր ուսումնառության տարիներին հնարավորություն են ունենալու համատեղելու ուսումն ու պրակտիկան: Ուսումնարանը ունենալու է հարմարավետ հանրակացարան: Վարչապետը հորդորել է շրջվարչակազմերի ղեկավարներին բացատրական աշխատանք տանել դպրոցականների և նրանց ծնողների շրջանում` ճիշտ մասնագիտություն ընտրելու հարցում:
 
Հարկային ոլորտը կարգավորող օրենքների պահանջներից ելնելով կառավարությունը ուժը կորցրած է ճանաչել և փոփոխության ենթարկել մի շարք որոշումներ:
 
Կառավարության որոշմամբ 2015 թվականի ապրիլի 1-ից գործողության մեջ է դրվելու  ԼՂՀ անշարժ գույքի գնահատման նոր ստանդարտ, որը նպաստելու է հանրապետության տարածքում անշարժ գույքի գնահատում իրականացնող կազմակերպությունների և անհատ ձեռնակատերերի աշխատանքի որակի, ճշգրտությանը, արդյունավետության բարձրացմանը:
 
Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ Շահումյանի շրջանի Քնարավանի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող անտառային նպատակային նշանակության 3,1 հա թփուտը փոխադրվել է էներգետիկայի օբյեկտների հողերի ցանկ` այնտեղ էլեկտրակայան կառուցելու նպատակով :
 
Օրակարգային հարցերի սպառումից հետո, կառավարության ղեկավարը անդրադարձել է ԱԺ-ի հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման գործընթացում հանրապետական  գործադիր և տարածքային  կառավարման մարմինների աշխատանքներին: Կառավարության որոշմամբ՝ տրված են կոնկրետ հանձնարարականներ, որոնց կատարման համար անհրաժեշտ է  համագործակցված աշխատանք կատարել մինչև ընտրությունների ավարտը՝ ընտրական հանձնաժողովներին աջակցելու և ընտրությունները բարձր մակարդակով  անցկացնելու համար: Վարչապետը շեշտադրել է ոստիկանության և շրջանների վարչակազմերի   աշխատանքների կարևորությունը՝ նշելով, որ այդ մասով աշխատանքների մեծ մասը արդեն ավարտված է, սակայն անհրաժեշտ է շարունակել հանձնարարականները ժամանակին  և ամբողջությամբ կատարել՝ ընտրությունների կազմակերպման գործընթացում ներգրավված բոլոր մարմինների սերտ համագործակցությունը և կազմակերպչական բոլոր հարցերը բարձր մակարդակով ապահովելու համար: Արայիկ Հարությունյանը հանձնարարել է  դիտորդների  և հյուրերի համար պատշաճ ընդունելություն կազմակերպել :
 
ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են՝ կառավարության ղեկավարը անդրադարձել է նաև հանրապետությունում ստեղծված  ֆինանսական իրավիճակին: Վերջին ամիսներին աշխատավարձերի, թոշակների, պետական այլ պարտավորությունների կատարման՝ սովորական ժամկետներից  ուշացումները, վարչապետի խոսքով, պայմանավորված են  ամսվա կտրվածքով գումարների  հավաքագրման գործընթացով: Նա նշել է, որ աշխատավարձերի, թոշակների և նպաստների ավելացումները ծանրացրել են պետության բեռը, սակայն կառավարությունը ձգտում է  անել հնարավորինս, որ քաղաքացիների  մոտ դժգոհություններ չլինեն: Հայցելով քաղաքացիների ներողամտությունը վճարումների ձգձգման համար՝ վարչապետը հավաստիացրել է, որ ապրիլից  ամեն ինչ կկարգավորվի: Նա հանձնարարել է նաև, որ աշխատավարձերը բաշխվեն նախ կրթության, առողջապահության համակարգերի, ապա նոր միայն պետական կառավարման մարմինների աշխատակիցներին:
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play