Նախարար Գաբրիել Ղազարյանն ընդունել է աշխարհահռչակ գեղասահորդուհի, ՌԴ Պետդումայի պատգամավոր Իրինա Ռոդնինային


Նախարար Գաբրիել Ղազարյանն ընդունել է աշխարհահռչակ գեղասահորդուհի, ՌԴ Պետդումայի պատգամավոր Իրինա Ռոդնինային

  • 30-03-2015 18:43:44   | Հայաստան  |  Սպորտ

Այսօր՝ մարտի 30-ին, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն ընդունել է գեղասահքի օլիմպիական եռակի, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, ՌԴ հասարակական, պետական գործիչ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Իրինա Ռոդնինային: 
Նախարարը, ողջունելով հյուրին, իր հիացմունքն է հայտնել նրա մարզական փառավոր հաղթանակների, համաշխարհային մարզական ասպարեզներում գրանցած հաջողությունների, ինչպես նաև հասարակական և պետական արդյունավետ աշխատանքի կապակցությամբ: Գ. Ղազարյանը ներկայացրել է այն աշխատանքները, որոնք իրականացվում են նախարարությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման, մասսայականացման և քարոզչության ուղղությամբ: Նրա խոսքերով՝ չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը հարավային երկիր է, հետաքրքրությունը գեղասահքի նկատմամբ ավանդաբար մնում է շատ բարձր: 
Հանդիպման ընթացքում քննարկվել են Երևանում գեղասահքի նոր դպրոցի կառուցման աշխատանքներին առնչվող հարցեր: Ի. Ռոդնինան ուրախությամբ տեղեկացրել է, որ մարզադպրոց ունենալու երազանքը, որը չիրականացավ իր հայրենիքում, կյանքի է կոչվում Հայաստանում: Լեգենդար մարզուհին նշել է, որ սերտորեն համագործակցելու է մարզադպրոցում աշխատող մարզիչների հետ, որոնք էլ իրենց հերթին մեծ սիրով ու պատասխանատվությամբ պատանի մարզիկներին են փոխանցելու իրենց հմտությունները: «Հայաստանը մարզական լուրջ ավանդույթներ ունեցող երկիր է, որն աշխարհին հայտնի է նաև իր լեգենդար մարզիկներով»,- ասել է Ի. Ռոդնինան:
Հանդիպմանը ներկա էին նախարարության աշխատակազմի ղեկավար Մ. Անանյանը, նախարարի խորհրդականներ Տ. Միքայելյանը, Հ. Ղուկասյանը, Վ. Հովհաննիսյանը, ինչպես նաև մոսկվաբնակ վաստակաշատ մարզիչ, միջազգային կարգի մրցավար, ԽՍՀՄ սպորտի վարպետ Արտուշ Կասեմյանը:   
 
Նոյյան տապան  -   Սպորտ