Շահան Գանտահարյան.Ցեղասպանության իրավական եզրի թուրքական եւ հայկական ընկալումները


Շահան Գանտահարյան.Ցեղասպանության իրավական եզրի թուրքական եւ հայկական ընկալումները

  • 08-04-2015 11:28:06   | ԱՄՆ  |  Վերլուծություն

 
Ինքն իրեն ավելի օսմանցի, քան հայ զգալուց ընդամենը մի օր հետո, Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդականը հետեւյալ հայտարարությունն արեց. «Ես ասել եմ, որ ինքս ինձ հայ լինելուց ավելի օսմանցի եմ զգում: Ես ազգայնական չեմ, սակայն երբ 1915-ի մասին խոսք է գնում, ես օգտագործում եմ «Հայոց ցեղասպանություն» եզրը: Ես կարծում եմ, որ դա ցեղասպանություն է, որովհետեւ  ցեղասպանություն եզրը եւ 1915-ին տեղի ունեցածը համընկնում են: Ցեղասպանությունը ոչ թե պատմական, այլ իրավական եզր է»:
Այս հայտարարությունը արդի Թուրքիայի պատմության մեջ աննախադեպ է, նկատի ունենալով հայտարարողի զբաղեցրած պաշտոնն ու հանգամանքը:
Նախքան մեկ օր առաջվա հայտարարությանը հետադարձ հայացք նետելը, փորձենք կենտրոնանալ այս հայտարարության քաղաքական մեկնաբանության վրա, ընդգծելու համար հետեւյալ կետերը.
Ա. Հայտարարությունը պետք է ընկալել ոչ թե հայազգիի կողմից կատարված, այլ Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդականի: Ահա ճիշտ այստեղ է, որ լրատվության ներկայացման եւ մեկնաբանության համար հայկական ոսպնյակը պետք է երկրորդ կարգ մղի խորհրդականի հայազգի լինելը եւ կենտրոնանա նրա զբաղեցրած բարձրաստիճան պաշտոնի վրա: Դավութողլուի եւ Մահչուփյանի անվերջ կրկնած կետը, թե գլխավոր խորհրդականը հայազգի լինելու համար չէ, որ նշանակված է, այս դեպքում հոգուտ հայկական կողմի է աշխատում:
Բ. Թուրքիայում դեռեվս գործում է 301-րդ հոդվածը եւ Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայնելը կարող է քրեականացվել եւ համապաատասխան պատժի ենթարկվել, իբրեւ թուրք ժողովրդի ազգային արժանապատվությունը խոցող քայլ: Պաշտոնական Անկարան պետք է բացատրություն տա, որ Մահջուփյանի այս հայտարարությունը դասվո՞ւմ է 301-րդ հոդվածով արգելված դրույթների շարքին, ինչպես այլոց պարագային էր եղել:
Գ. Վարչապետի խորհրդականը այս ձեւով շեղում է կատարել է իր երկրի որդեգրած պաշտոնական կեցվածքից` 1915-ի դեպքերը բնորոշելու առումով:
Դ. Ավելի՛ն. նա շրջել է նաեւ երկրի նախագահի որդեգրած ժխտողականության մարտավարությունը, երբ հաստատել է, որ Ցեղասպանության հարցը ոչ թե պատմական, այլ իրավական եզր է: Սա ինքնին նշանակում է, որ ցեղասպանությունը իրավական հետեւանքներ է ունենում: 
Պետք է խոստովանել, որ բավական բարդ է մեկնաբանել Մահջուփյանի կատարած հայտարարությունները: Փորձենք սակայն, մնալ իր մեկ օր առաջ կատարած հայտարարության եւ այս աննախադեպ հայտարարության տրամաբանության հետեւողականության սահմաններում:
Եթե թույլտվությամբ կատարված հայտարարություն չէ սա, ապա Մահջուփյանը պետք է հրաժեշտ տված լիներ իր պաշտոնին: Ո՜չ ակնկալված թուրքական զայրույթ կա այս հայտարարության դիմաց, ո՜չ էլ Թուրքիայի վարչապետի կողմից համապատասխան արձագանք: Այն տպավորությունն է ստացվում, որ Անկարան հանդուրժողականության նմուշ է բեմադրում միջազգային հանրությանը: Ի վերջո, միշտ նկատի ունենալով հայտարարողի հանգամանքը, կատարվածը Թուրքիայի կողմից Ցեղասպանության կիսաճանաչում է:
Իհարկե, պետք չէ խանդավառվել. պետք է պահել քաղաքական սառնասրտությունը: Չմոռանանք, որ նույն Մահջուփյանը ավելի օսմանցի զգալով առաջ էր քաշել հայ, թուրք, ասորի, հույն, քուրդ, զազա եւ այլ ազգերին պատկանող օսմանցիների համատեղ հայրենիքի գաղափարը:
Եւ սա՜ է թավշյա ժխտողականության բուն նպատակը: Նույնիսկ ցեղասպանություն բառը օտագործել ի հարկին, ամրապնդելով մեկ եւ համատեղ հայրենիքի, բնօրրանի գաղափարը: Հայրենազրկման գաղափարի արծարծումն է արգելվածը, բացառվածը: 
Այստեղ հարցական է, թե ոչ պատմական, այլ իրավական նկատի ունենալով ի՞նչ է ուզում հասկանալ եւ հասկացնել Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդականը: Իրավականը հատուցում է ենթադրում: Բայց խոսքը հատուցման թուրքական տարբերակի մասին է: Դավութողլուի բարձրաձայնած հատուցումն է. վերադառնալ, վերականգնել թուրքական քաղաքացիությունը եւ ստանալ կորցրած անձնական, թեկուզ եկեղեցապատկան, համայնքապատկան կալվածքները. կամ գուցե փոխհատուցվել, եթե չկան այդ կալվածքներ` այլ համապատասխան կալվածքով կամ համարժեք նյութականով:
Ամեն ինչ, բացի տարածքային պահանջատիրությունից: Բացի արեւմտահայոց հայրենիքին վերատիրանալու գաղափարից: 
Մահջուփյանի հայտարարությունները հակակշռող եւ մի քանի քայլ հետ տանող այլ հայտարարությունները ակնկալելի են: Բայց արդեն պաշտոնապես հնչել է ցեղասպանությունն ու ցեղասպանության իրավական եզրի բնորոշիչը թուրքական բարձրագույն դիրքերից:
Այս հայտարարությունները պետք է լուսարձակի տակ բերել եւ արծարծել ամեն պատեհ առիթի: Նաեւ եւ առաջին հերթին Ցեղասպանության իրավական եզրույթն ու հատուցման թղթածրարի հայկական տարբերակը` իր տարածքային բաժնով միջազգային հանրությանը ներկայացնելու համար: 
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play