Արտակ Դավթյան. Պետությունը պարտավոր է գյուղատնտեսության ոլորտում սարսափելի բարձր վարկավորման տոկոսադրույքների մի մասն իր վրա վերցնել


Արտակ Դավթյան. Պետությունը պարտավոր է գյուղատնտեսության ոլորտում սարսափելի բարձր վարկավորման տոկոսադրույքների մի մասն իր վրա վերցնել

  • 24-12-2010 23:30:37   | Հայաստան  |  Հասարակություն
2010 թվականը արտաքին քաղաքական, ներքաղաքական եւ սոցիալ-տնտեսական կյանքի ռիթմիկ տարի էր, որեւէ էական շեղումներ չեն եղել։ «Նովոստի» միջազգային մամուլի ակումբում դեկտեմբերի 24-ի ասուլիսին այս մասին նշեց Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Դավթյանը։ Ըստ նրա, արձանագրվեց, որ Հայաստանի իշխանությունների կողմից արտաքին քաղաքականության ոլորտում կատարված քայլերը իրատեսական են՝ խոսքը, մասնավորապես, ԼՂ հակամարտության կարգավորման հարցում տարածքային ամբողջականություն, ինքնորոշման իրավունքի եւ ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառման սկզբունքները ամբողջության մեջ դիտարկելու մասին է։ Սրա վերջակետը, ըստ իշխող կուսակցության ներկայացուցչի, դրվեց դեկտեմբերի սկզբին Աստանայի ԵԱՀԿ գագաթաժողովում՝ այստեղ ասվեց այն, ինչն «ամբողջովին մեր ակնկալիքների, սպասումների շրջանակներում էր»։ Պատգամավորը դրական է համարում նաեւ այն, որ տարեսկզբին հայ-թուրքական արձանագրությունների գործընթացի կասեցման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը ճիշտ ընկալվեց միջազգային հանրության կողմից։ Ա.Դավթյանը տարվա կտրվածքով բացասական համարեց Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից տեղեկատվական պատերազմի սանձազերծումը, արդյունքում ընդունվեցին որոշակի բանաձեւեր, որոնք իրականությունը գլխիվայր շուռ տված էին ներկայացնում։ Ներքաղական առումով անցնող տարին Ա.Դավթյանը բնորոշեց որպես «ներքաղաքական կայունության ամրապնդման տարի»։ Պատգամավորը ոչ դրական է համարում այն, որ Հայ ազգային կոնգրեսը «դեռեւս չի նստում երկխոսության սեղանի շուրջ», թեեւ առանձին անդամներ այս կամ այն կերպ մասնակցում էին երկխոսություններին եւ որոշակի քննարկումներին։ Ա.Դավթյանը տարվա կտրվածքով ամենացավալի ցուցանիշ է համարում ժողովրդագրական վատ ցուցանիշների առկայությունը՝ մեկնողների ու ժամանողների բացասական սալդոն, ինչպես նաեւ աղքատացման ցուցանիշների խորացումը։ Ա.Դավթյանի կանխատեսմամբ 2011 նախընտրական տարում ներքաղաքական, սոցիալական հարցերը առաջնայնություն կունենան արտաքին քաղաքական հարցերի նկատմամբ։ Ա.Դավթյանը կարծիք հայտնեց, որ շատ կտրուկ քայլեր պետք է կատարվեն հատկապես գյուղատնտեսության ոլորտում։ «Եթե, իհարկե, մեր ֆինանսական հնարավորությունները թույլ տան, կարծում եմ, որ առաջին քայլերից մեկը պետք է լինի այն, որ եթե ոչ ամբողջովին վարկային ամնիստիա հայտարարվի գյուղատնտեսության ոլորտում, ապա պետությունը պարտավոր է գոնե սարսափելի բարձր վարկավորման տոկոսադրույքները՝ 20 եւ ավելի տոկոս, գոնե այդ բեռի մի մասը իր վրա վերցնել»,- ասաց պատգամավորն, ընդգծելով, որ դա առաջնային խնդիր է։ «Եթե մենք չենք կարողանում դա անել, ապա պետք է մտածենք վարկերի վերակառուցման մասին»,- հավելեց նա:
Նոյյան տապան  -   Հասարակություն