Հայկական հարցի նկատմամբ Էրդողանի և Դավութօղլու դիրքորոշումը տարբերվում է


Հայկական հարցի նկատմամբ Էրդողանի և Դավութօղլու դիրքորոշումը տարբերվում է

  • 18-04-2015 18:24:31   | Թուրքիա  |  Վերլուծություն
 
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի խորհրդական, հայազգի Էթյեն Մահչուփյանը մի քանի օր առաջ սենսացիոն հայտարարություն է արել: Նա ասել է, որ չնայած Էրդողանն ու Դավութօղլուն որպես մարդ շատ նման են միմյանց, սակայն որպես քաղաքական գործիչներ շատ տարբեր են: Մասնավորապես, Մահչուփյանն ասել է, որ հայկական հարցի նկատմամբ նրանց դիրքորոշումը տարբերվում է: Ըստ նրա, Դավութօղլուն համաշխարհային հայությանը համարում է Թուրքիայի սփյուռքը, իսկ Էրդողանը միշտ դեմ էր դրան:

 

Մահչուփյանին դրանից հետո հեռացրեցին: Չնայած նշվում է, որ հեռացրել են Հայոց ցեղասպանությունը «Հայոց ցեղասպանություն» անվանելու համար, չի բացառվում, որ պատճառը Էրդողանի ու Դավութօղլուի տարբերության մասին հայտարարությունն է:

 

Բանն այն է, որ Թուրքիայում ապրիլի 24-ից եւ հունիսի 7-ին խորհրդարանական ընտրություններից առաջ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվում: Թուրքիայի գործող Սահմանադրության համաձայն՝ երկրի ղեկավարը վարչապետն է, տվյալ դեպքում՝ Դավութօղլուն: Սակայն նախագահ ընտրվելուց հետո Էրդողանը ներկայանում է երկրի ղեկավարի դիրքերից:

 

Էրդողանի այս պահվածքը պայմանավորված է սահմանադրական փոփոխություններ իրականացնելու հեռանկարով, որի արդյունքում Թուրքիան պետք է նախագահական երկիր դառնա: Սակայն Էրդողանին առայժմ չի հաջողվում սահմանադրական հանրաքվեի օր նշանակել: Թուրքիայում չեն բացառում, որ դրանում ներքաշված է Դավութօղլուն:

 

Թուրքական մամուլը պարբերաբար անդրադառնում է Թուրքիայի ղեկավարությունում տարաձայնությունների թեմային: Շատ քաղաքակյան գործիչներ չեն թաքցնում, որ իրենց դուր չի գալիս անսահմանափական նախագահական իշխանություն հաստատելու Էրդողանի մտադրությունը: Կարծիք կա, որ Էրդողանը երազում է իրեն սուլթան հռչակել: Օրինակ, նախկին նախագահ Գյուլը նույնպես դեմ էր նախագահական հանրապետություն դառնալուն՝ կոչ անելով ամրապնդել խորհրդարանական կարգերը:

 

Ներկայում, ըստ գործող սահմանադրության, Ահմեթ Դավութօղլուն հանրապետության առաջին դեմքն է, եւ նրան դժվար թե դուր է գալիս, որ Էրդողանը գերազանցում է իր լիազորությունները եւ իրեն երկրի ղեկավար ներկայացնում: Դավութօղլուն սակայն դժգոհություն ցույց չի տալիս, միայն երբեմն հետաքրքիր հայտարարություններ է անում: Օրինակ, նա հայտարարել է, որ եթե իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցությունը պարտվի խորհրդարանական ընտրություններում, ինքը կլքի վարչապետի պաշտոնը:

 

Դավութօղլուն փասստացի ակնարկում է, որ Էրդողանի կուսակցությունը կարող է պարտվել, այդ ժամանակ վարչապետն ուրիշ կլինի, եւ նրան կարող են դուր չգալ Էրդողանի սուլթանական նկրտումները:

 

Էրդողանի կուսակցությունը կարո՞ղ է պարտվել ընտրություններում: Չի բացառվում, եթե հաշվի առնենք, որ ապրիլի 24-ին կարող են որոշ իրադարձություններ տեղի ունենալ, որոնցում «մեղավոր» կլինի Էրդողանը: Մահչուփյանն ակնարկել է, որ Հայկական հարցի շուրջ երկրի ղեկավարությունում տարբեր կարծիքներ կան: Դավութօղլուն Հայոց ցեղասպանության շուրջ զարգացումներն անվանել է Թուրքիայի դեմ դավադրություն:

 

Հայոց ցեղասպաբնության շուրջ գործընթացները կարո՞ղ են Թուրքիայի ներքաղաքական փոփոխությունների պատճառ դառնալ: Հատկանշական է, որ Էրդողանի գլխավոր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենը, ով ԱՄՆ-ում է բնակվում, դեռ 1960-ականներին հիշեցրել է հայերի սարսափելի ցեղասպանության մասին: Ի՞նչը կարող է ապահովել իշխող կուսակցության հաղթանակը՝ Էրդողանի կոշտ դիրքորոշո՞ւմը, թե հայերի հետ հաշտեցման քայլերը, օրինակ՝ սահմանի բացումը5

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան

lragir.am

 

 

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն