Թբիլիսիում կայացել է Ջահերով Երթ


Թբիլիսիում կայացել է Ջահերով Երթ

  • 24-04-2015 09:06:12   | Վրաստան  |  Քաղաքական
Ապրիլի 23-ին Թբիլիսիում կայացավ 8-րդ Ջահերով Երթ՝ նվիրված Հայ ժողովրդի Ցեղասպանության զոհերի հիշատակին: Ջահերով երթը սկսվեց Վակե այգու մոտ և ավարտվեց Վրաստանում Թուրքիայի դեսպանատան մոտ: 
 
Երթի ժամանակ հարյուրավոր վիրահայ երիտասարդներ վանկարկում էին «Ճանաչում-Դատապարտում-Հատուցում», «Պայքար», «Թուրքիա-հանցագործ» կարգախոսները, ինչպես նաև երգում էին հայրենասիրական երգեր: 
 
Ջահերով երթի ավարտին կայացավ բողոքի ցույց այն երկրի դեսպանատան առջև, որը հանցագործություն է իրականացրել մարդկության դեմ՝ ցեզասպանություն, և պատիժ չի կրել իրականացրած հանցագործության համար, ավելին՝ շարունակում է Արևմտյան Հայաստանի բռնագրավումը: 
 
Թուրքիայի դեսպանատան առջև անցկացված ցույցի ժամանակ շուրջ 300 մասնակից արտահայտեցին իրենց բողոքը 1915-23թթ. Հայ ժողովրդի ցեղասպանության ժխտման քաղաքականության դեմ և պահանջում էին, որպեսզի Թուրքիան ամբողջ մարդկության առջև և միջազգային նորմերի համաձայն պատասխանատվության ենթարկվի կատարած հանցագործության համար:
 
Վրաստանի Հայ Համայնքի և «Հայարտուն» կենտրոնի համատեղ կազմակերպած Ջահերով Երթին նաև միացան Թիֆլիսում գործող հայկական աշխարիք և հոգևոր կազմակերպությունների ներկայացուցիչներ:
 
Հիշեցում. ապրիլի 24-ին ժամը 14:00-ին Վրաստանում Թուրքիայի դեսպանատան մոտ կկայանա բողոքի ցույց Հայոց Ցեղասպանության ճանաչման պահանջով:
 
 
Վրաստանի Հայ Համայնքի
Մամլո Դիվան
 
Նոյյան տապան  -   Քաղաքական