Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Վարշավայում


Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Վարշավայում

  • 25-04-2015 14:21:48   | Լեհաստան  |  Քաղաքական

2015 թվականի ապրիլի 24-ին՝ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի 
օրը, Վարշավայի Հրեշտակաց Աստվածամոր կաթոլիկ եկեղեցու բակում էին հավաքվել 
Լեհաստանի գրեթե բոլոր քաղաքներում և Վարշավայում բնակվող բազմաթիվ հայեր, 
լեհեր, ինչպես նաև հայերի քուրդ, սիրիացի և վրացի ընկերներ: Երթից առաջ Հայ 
Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ Լեհահայոց Հոգևոր Հովիվ Տ. Տաճատ Աբեղա Ծատուրյանը 
կոչով դիմեց ներկա հայորդիներին՝ հորդորելով ապավինել միայն Աստծուն և 
հայության հավաքական ուժին և միասնաբար կերտել հզոր ու անսասան հայրենիք:
Այնուհետև հավաքված բազմությունը՝ Հայաստանի և Հայոց Ցեղասպանությունը ճանաչած 
երկրների դրոշներով և թրքական կառավարությանը դատապարտող և հատուցման պահանջով 
ցուցապաստառներով շարժվեցին Լեհաստանում Թուրքիայի դեսպանատուն, որտեղ 
ելույթներով հանդես եկան Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Լեհահայոց Հոգևոր 
Հովվության ատենադպիր Բաբկեն Խանզադյանը, Լեհաստանի Հայ Կաթողիկե կենտրոնական 
ժողովրդապետության ժողովրդապետ Հայր Ռաֆայել Կրավչիկը, Կրակով քաղաքի հայերից 
Հովհաննես Գևորգյանը, «Արմինյըն ֆաունդեյշըն» հիմնադրամի նախագահ Մաչիեյ 
Բոհոշիևիչը և Հայաստանից Վարշավա ժամանած՝ Պաշտպանության նախարարության գնդապետ 
Վահան Արսենյանը: Ելույթների ավարտին Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի 
Համահայկական հռչակագրի և 2015 թվականի ապրիլի 15-ին Եվրախորհրդարանի՝ Հայոց 
Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ընդունած բանաձևի օրինակները հանձնվեցին 
Թուրքիայի դեսպանությանը:
Դրանից հետո ներկա բազմությունը շարժվեց Հայկական պուրակ, որտեղ` 2013 թվականի 
հունիսի 25-ին ՀՀ Նախագահի այցի առիթով տեղադրված Խաչքարի առջև, Հայ Առաքելական 
Սուրբ Եկեղեցու Լեհահայոց հոգևոր հովիվ Տ. Տաճատ Աբեղա Ծատուրյանի ձեռամբ 
կատարվեց աղոթք՝ հայցելով Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների 
բարեխոսությունը հայոց ազգի և հայրենիքի անսասանության և բարգավաճման համար: 
Աղոթքի ավարտին՝ լռության րոպեից հետո, ելույթներով հանդես եկան Լեհաստանում 
Հայաստանի դեսպան Էդգար Ղազարյանը և Լեհաստանի սեյմի փոխնախագահ Մարեկ 
Կուխչինսկին: Վերջում տեղի ունեցավ մոմավառություն, և ծաղկեպսակներ ու ծաղիկներ 
զետեղվեցին Խաչքարի առջև:
Լեհաստանում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Հոգևոր Հովվության քարտուղարությունից
հայտնում են՝ նույն օրը երեկոյան, Վարշավայի կենտրոնում տեղի ունեցավ երկրորդ բազմամարդ 
երթը՝ մոմերով, դրոշներով ու ցուցապաստառներով: Երթի մասնակիցներն անցան 
Լեհաստանի նախագահի նստավայրի առջևով և շարժվեցին սուրբ Աննա կաթոլիկ եկեղեցի, 
որի բակում, Լեհահայոց Հոգևոր Հովիվ Տ. Տաճատ Աբեղա Ծատուրյանի ձեռամբ, աղոթքով 
փակվեց ապրիլի 24-ի՝ Հայոց Ցեղասպանության հիշատակի օրվա խորհուրդը:
Նոյյան տապան  -   Քաղաքական