DEMYC-ի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ


DEMYC-ի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ

  • 25-04-2015 17:12:50   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ապրիլի 25-ին «Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք» կազմակերպության (DEMYC) անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ծաղիկներ դրել անմար կրակի մոտ, այնուհետև եղևնի են տնկել հիշատակի ծառուղում և ծանոթացել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ցուցադրություններին։
 
ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, նշել է, որ այս օրերին Հայաստանում գտնվող եվրոպական ամենահին ու ամենամեծ երիտասարդական կազմակերպություններից մեկը՝ DEMYC-ը, ճանաչում ու դատապարտում է Հայոց ցեղասպանությունը։ Նա հատկապես ընդգծել է այն փաստը, որ այս երիտասարդները տարբեր քաղաքական կուսակցություններ ներկայացնող անձինք են, ապագա քաղաքական գործիչներ։ Եվ կարևոր է, որ նրանք հնարավորինս շատ տեղեկացված լինեն ՀՀ արտաքին քաղաքականությանը, մեր առաջնահերթություններին։  
DEMYC-ի նախագահ Խավիեր Ուրտադո Միրան ընդգծել է, որ իրենք Հայաստանում են՝ ոչ միայն ամրապնդելու Եվրոպայի արևմտյան և արևելյան հատվածների միջև կապը, այլև Ցեղասպանության 100-րդ տարելիցի օրերին իրենց աջակցությունը հայտնելու հայ ժողովրդին և այն կազմակերպությանը, որ հյուրընկալել է իրենց՝ ՀՀԿ երիտասարդական կառույցին։ Խավիեր Ուրտադո Միրան նշեց նաև, որ ավելի քան 1 միլիոն երիտասարդներ այսօր հետևում են DEMYC-ին, կիսում նրա գաղափարախոսությունը, և իրենց կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևերն ու հայտարարությունները կհասնեն բոլոր այդ երիտասարդներին։
DEMYC-ի ներկայացուցիչներն այսօր Երևանում ունեցել են նաև պաշտոնական հանդիպումներ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի և ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։ 
Հիշեցնենք, որ ապրիլի 23-26-ը Հայաստանում անցկացվում է DEMYC-ի խորհրդի հավաքը։ Այն Հայաստանում հյուրընկալել է Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպությունը, որը եվրոպական այս կառույցի լիիրավ անդամ է և ներկայացված է փոխնախագահի պաշտոնով:
 
ՀՀԿ Երիտասարդական կազմակերպություն
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play