Ներքին Կարմիրաղբյուրում բացված Ցեղասպանության հուշահամալիրը խորհրդանշելու է սահմանամերձ գյուղաբնակների վերածնունդն ու քաջությունը (Տեսանյութեր և ֆոտոշարք)


Ներքին Կարմիրաղբյուրում բացված Ցեղասպանության հուշահամալիրը խորհրդանշելու է սահմանամերձ գյուղաբնակների վերածնունդն ու քաջությունը (Տեսանյութեր և ֆոտոշարք)

  • 25-04-2015 19:50:02   | Հայաստան  |  Հասարակություն



Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Հայաստանի սահմանամերձ գյուղերից մեկում` Ներքին Կարմիրաղբյուրում, ապրիլի 24-ին բացվեց մեծ հուշահամալիր, որն այսուհետ ծառայելու է որպես սրբատեղի: 
Գյուղի բնակիչները համայնքի ղեկավարի գլխավորությամբ այցելեցին հուշահամալիր` ծաղիկներ և ծաղկեպսակներ դնելով Ցեղասպանության զոհերի հուշակոթողին, իսկ հետո եղավ մոմավառություն:
Ըստ Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանի` ամբողջ Ներքին Կարմիրաղբյուրը թշնամու նշանառության տակ է և հենց թշնամու հենակետի դեմ դիմաց կառուցված վերհոնշյալ հուշակոթողը խորհրդանշելու և ցույց է տալու տեղի բնակչության վերածնունդը. «1992 թվականին գյուղը ամբողջովին ավերված էր, գյուղում գոյություն ունեցող բոլոր 300 բնակարաններն էլ քանդվել ու ավերվել էին, սակայն դա մեզ չխանգարեց ապրել, արարել, անգամ այս հուշահամալիրից ներքև մենք կանգնեցրել ենք խաչքար` Արցախյան պատերազմում սպանված կարմիրաղբյուրցիների հիշատակի համար»,- նշեց նա:
Մ. Կամենդատյանի համոզմամբ, որպեսզի չկրկնվեն 1915 թվականի ոճրագործությունները, անհրաժեշտ է հայ ժողովրդի միասնականությունը, սերն ու հարգանքը միմյանց ու հատկապես բանակի նկատմամբ. «Մեր հույսը մեր միասնությունն է, և պետք է միշտ հիշել, որ կյանքը սկսվում է սահմանից»,- ասաց նա:
 Խաչքարերի բացումից հետո ամբողջ համայնքի բնակիչները չմոռացան նաև ծաղիկներ դնել Արցախյան պատերազմում զոհված կարմիրաղբյուրցիների հիշատակին նվիրված խաչքարի մոտ: Երեկոյան գյուղի միակ` Լևոն Ադամյանի անվան Ներքին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոցի աշակերտները վերհոնշյալ հուշահամալիրի բարձունքից բացթողեցին խորհրդանշական 100 օդապարիկներ: 
Լևոն Ադամյանի անվան Ներքին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոցի փոխտնօրեն Նառա Պապյանի գնահատմամբ` ցեղասպանության զոհերին նվիրված այդ նորակառույց հուշահամալիրը խիստ կարևոր է գյուղի բնակիչների համար, քանի որ այդ կերպ իրենք ցույց են տալիս, որ ոչ միայն վերածնվել են, այլև ի վիճակի են պահպանել Հայաստանի սահմաններն ու գյուղերը:
«Մեզ հաջողվեց տապալել թշնամու` թանգարանում մեկ հայ թողնելու երազանքը, հետևաբար այսօր մեզ համար ոչ այնքան սգի, որքան ուրախության օր է: Մենք ամուր ենք մի բռունցքի պես», ասաց Ն. Պապյանը:
Նա նաև նշեց, որ իրենց գյուղում թշնամուց չեն վախենում ինչպես մեծերը, այնպես էլ փոքրերը, քանի որ ըստ Ն. Պապյանի, սահմանամերձ գյուղերի երեխաները գենետիկորեն ծնվում են անվախ ու քաջ: 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն