Կանադայի բնապահպանության և կայուն զարգացման մշտական հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանը Հայաստանում է


Կանադայի բնապահպանության և կայուն զարգացման մշտական հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանը Հայաստանում է

  • 27-04-2015 14:21:37   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն ընդունել է Կանադայի բնապահպանության և կայուն զարգացման մշտական հանձնաժողովի նախագահ Հարոլդ Ալբրեխտի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին ՀՀ-ում և ՌԴ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Ռոնալդ Քյուրը, Կանադայի պատվավոր հյուպատոս Արտաշես Էմինը և Մոսկվայում Կանադայի դեսպանատան ներկայացուցիչ Քորին Պետրիսորը: 
Արամայիս Գրիգորյանը, բարձր գնահատելով հայ-կանադական բարեկամական հարաբերություններն ու Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Կանադայի ցուցաբերած գործուն քայլերը, խորին շնորհակալություն է հայտնել պատվիրակության անդամներին  այս պատմական օրերին Հայաստանի կողքին լինելու և ցեղասպանության ճանաչման հարցում սատար կանգնելու համար` մասնավորապես նշելով. «Մենք հույս ունենք, որ Կանադայի և մյուս բարեկամ երկրների աջակցությամբ, հայկական հզոր սփյուռքի և ՀՀ ջանքերի շնորհիվ մոտ է այն օրը, երբ ժամանակակից Թուրքիան ստիպված կլինի առերեսվելու սեփական պատմության և անցյալի հետ, ինչպես նաև խոստովանելու և ընդունելու 1915-ին Օսմանյան կայսրության կողմից իրականացված ոճրագործությունը, որն այլ կերպ, քան ցեղասպանություն, անվանել անհնար է»: 
Կանադայի բնապահպանության և կայուն զարգացման մշտական հանձնաժողովի նախագահ  Հարոլդ Ալբրեխտն, իր հերթին կարևորելով մարդկության դեմ իրականացված ոճրագործությունների, մասնավորապես 1915-ի Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն, ընդգծել է. «Միայն ճանաչման և դատապարտման միջոցով մենք կարող ենք կանխել ապագայում նման ոճրագործությունների կրկնությունը, ինչն անթույլատրելի է: Կանադան 2006թ. դաշնային օրենսդիր և գործադիր իշխանությունների մակարդակով ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը: Որպես հայ-կանադական միջխորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար, ցանկանում եմ ընդգծել իմ մեծ ակնածանքը հայ ժողովրդի, Կանադայում բնակվող հայության նկատմամբ, ովքեր մշտապես աչքի են ընկնում մարդկային և մասնագիտական բարձր որակներով և օրինակելի առաջատարներ են իրենց ոլորտներում»:
Անդրադառնալով բնապահպանության ոլորտին` նախարար Արամայիս Գրիգորյանը նշել է. «Թեև բնապահպանության ոլորտում ՀՀ բնապահպանության նախարարության և կանադական կողմի միջև համագործակցության փորձ չկա, այնուամենայնիվ այս հանդիպումն առիթ է փոխգործակցության հեռանկարներ և հնարավորություններ քննարկելու համար»:
Կողմերն անդրադարձել են ջրային ռեսուրսների, բնության հատուկ պահպանվող  տարածքների պահպանության, կենսաբազմազանության պահպանման, հանքարդյունաբերության, թափոնների կայուն կառավարման և այլընտրանքային էներգիայի /մասնավորապես քամու, արևի էներգիաների և կոշտ թափոնների վերամշակման միջոցով/  ստացման խնդիրներին, քննարկել երկու երկրների փորձն ու հնարավորությունները: 
Որոշվել է առաջիկայում զարգացնել երկու երկրների համապատասխան գերատեսչությունների կապերը և սերտ համագործակցություն սկսել վերոնշյալ ոլորտներում:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play