Մշտական հսկողություն է սահմանվել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարակից տարածքի նկատմամբ


Մշտական հսկողություն է սահմանվել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարակից տարածքի նկատմամբ

  • 27-04-2015 15:45:31   | Հայաստան  |  Հասարակություն

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, մինչև օրակարգային հարցերին անցնելը,  քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր գոհունակությունն է փոխանցել քաղաքապետարանի ենթակայության բոլոր կառույցներին և պետական ծառայություններին` մայրաքաղաքում Ցեղասպանության 100-ամյա տարելիցի գլխավոր միջոցառումների պատշաճ կազմակերպումն ու անցկացումն ապահովելու համար: Հանձնարարվել է նաև մշտական ուշադրության տակ պահել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարակից տարածքի մաքրության ապահովումն ու կանաչ տարածքների խնամքը: Բացի այդ, տարածքի պահպանման նպատակով ոստիկանության հետ համատեղ կսահմանվի հատուկ հսկողություն: 
Քաղաքացիների, ինչպես նաև իրավաբանական անձանց կողմից աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման և երևույթի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ 41 վարչական արձանագրություն է կազմվել: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է վարչական շրջանների հետ շարունակել ամենօրյա աշխատանքներն ու գործընթացը պահել խիստ հսկողության տակ: Զեկուցվել է, որ Երևանի ավագանու որոշմամբ հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման ուղղությամբ իրականացված ստուգայցերի արդյունքում նախորդ շաբաթ 14 վարչական արձանագրություն է կազմվել: Քաղաքապետը հանձնարարել է ուժեղացնել հսկողությունը ինչպես մասնավոր հատվածի, այնպես էլ պետական կառույցների կողմից պարտավորությունների կատարման նկատմամբ և վարչական տույժերի կիրառումից բացի, անհրաժեշտության դեպքում ձեռնարկել օրենսդրությամբ սահմանված համապատասխան քայլեր: Նաև հանձնարարվել է շարունակել վարչական շրջաններում ամենօրյա մաքրման և շաբաթօրյակների կազմակերպման աշխատանքները: Անդրադառնալով մայրաքաղաքի կանաչապատման աշխատանքներին՝ քաղաքապետը հանձնարարել է ակտիվացնել հատկապես ծաղկապատման, ոռոգման ցանցի անցկացման և խոտհնձի աշխատանքները: 
Շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ ընթացքի մեջ են 2015 թվականի ծրագրով նախատեսված կենտրոնական և բակային տարածքների ասֆալտապատման, մասնավորապես փոսալցման, փոսային նորոգման և ճաքալցման աշխատանքները: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play