«Ծաղկահավաք»` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում


«Ծաղկահավաք»` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում

  • 27-04-2015 17:35:30   | Հայաստան  |  Հասարակություն

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի և գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի նախաձեռնությամբ ապրիլի 27-ին և 28-ին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում անցկացվում է «Ծաղկահավաք» ամենամյա համատեղ միջոցառումը:
 
Ապրիլի 24-ից օրեր անց, հուշահամալիրում դրված հարյուր հազարավոր ծաղիկները տարիներ շարունակ հավաքվում ու տեղափոխվում էին աղբատեղի և այրվում: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի նախաձեռնությամբ, 2010թ.-ից ի վեր, ամեն տարի ապրիլի 24-ից մի քանի օր անց` թոշնած ծաղիկները հավաքվում են, դրանց ցողունն անջատվում է ծաղկաթերթերից, առաջինից պարարտախառնուրդ է ստացվում, իսկ ծաղկաթերթերն օգտագործվում են ձեռակերտ վերամշակված թուղթ պատրաստելու համար: Մեր կիլոգրամ չորացած ծաղկաթերթերից ստացվում է А3 ձևաչափի 40 թուղթ։
 
Հատուկ տեխնոլոգիայով պատրաստված ձեռակերտ թուղթը նվիրաբերվում է Ցեղասպանության թանգարանին, որը վերջին տարիներին այն գործածում է հուշագրեր, շնորհակալագրեր, նամակներ պատրաստելիս, իսկ պարարտախառնուրդն օգտագործվում է Հիշողության պուրակում հողի մշակման համար:
 
Այս միջոցառումը մեկտեղում է պոկված ծաղիկներին «երկրորդ կյանք» հաղորդելու, դրանց լուռ դեսպաններ դարձնելու խորհուրդը և բնապահպանական՝ վերամշակման միջոցով կրկին օգտագործելու առաքելությունը: 
 
Ծաղկահավաքին մասնակցում են հասարակական, միջազգային, մասնավոր ու պետական հատվածների ներկայացուցիչներ, դպրոցականներ, ուսանողներ, կամավորներ, ինչպես նաև նախաձեռնության կազմակերպիչների՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցները:
 
Հաշվի առնելով ակնկալվող այցելությունների և անմար կրակի մոտ բերվող ծաղիկների ծավալը, այս տարի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, միջոցառումն անցկացվում է երկու օր՝ ապրիլի 27-ին և 28-ին:
 
«Ծիծեռնակաբերդի մոտ դրված ծաղիկները վերամշակման ենթարկելու գաղափարը յուրահատուկ է իր նորարարությամբ և միակն է իր տեսակի մեջ: Դա պատասխանատու վերաբերմունքի դրսևորում է շրջակա միջավայրի նկատմամբ, քանի որ ծաղիկները նոր կյանք են ստանում: Սա նաև հարգալից վերաբերմունքի դրսևորում է ծաղիկները բերող մարդկանց հանդեպ: Բացի այդ, նախաձեռնությունը խորհրդանշական իմաստ է կրում, քանի որ ծաղկաթերթիկներից պատրաստվող թուղթը Ցեղասպանության թանգարանի կողմից օգտագործվում է շնորհակալական բացիկների և պատվոգրերի համար: Ուստի, ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցություն է ցուցաբերում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամին՝ նախաձեռնության իրականացման հարցում: Ինձ համար նաև ուրախալի է այստեղ տեսնել ՎիվաՍել-ՄՏՍ-ի բազմաթիվ աշխատակիցների, որոնք որպես կամավորներ մասնակցում են միջոցառմանը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play