Երեխա ժամանակ Հայաստանից հեռացած մարդուն այսօր ճիշտ չէ ասել, թե փախել է բանակից.Հրանուշ Հակոբյան


Երեխա ժամանակ Հայաստանից հեռացած մարդուն այսօր ճիշտ չէ ասել, թե փախել է բանակից.Հրանուշ Հակոբյան

  • 27-04-2015 19:09:37   | Հայաստան  |  Հասարակություն
 
Կառավարությունն առաջարկում է երկարաձգել արտերկրում գտնվող, բայց Հայաստանում պարտադիր զինվորական ծառայություն չանցած և 27 տարին լրացած երիտասարդների համար օրենքով սահմանված արտոնության ժամկետը: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր փոփոխությունների նախագիծը ներկայացրեց Ազգային ժողովին՝ նշելով, որ կառավարությունն առաջարկում է մեկ տարով երկարաձգել և մինչև 2015 թ. դեկտեմբերի 31-ը սահմանել այն ժամկետը, երբ 27 տարին լրացած երիտասարդը կարող է գալ Հայաստան, մուծել համապատասխան տուգանքները և բանակից խուսափելու համար չենթարկվել քրեական պատասխանատվության:

 

Նախկին ժամկետը սահմանված էր մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը: Հրանուշ Հակոբյանն ասաց, որ եթե օրենքի ժամկետը չերկարաձգվի, Սփյուռքում ապրող մեր քաղաքացիները չեն կարող Հայաստան գալ: Նա նշեց, որ այս արտոնության շնորհիվ 2014թ. 958 մարդ է եկել Հայաստան, այս տարվա առաջին եռամսյակում՝ 61: Տարեկան մոտ հազար մարդ է գալիս, պետական բյուջե է վճարվել մոտավորապես 800 միլիոն դրամ: Վերջին տվյալներով՝ բանակից խուսափելու համար քրեական հետապնդման մեջ է գտնվում մոտ 10 հազար մարդ:

 

«Գոնե այսպես հայապահպանության հարցեր ենք լուծում,դրսում գտնվողներից շատերը մեր լեզվին չեն տիրապետում, էլ ուր մնաց բանակում ծառայեն: Եթե ուզում եք, կարող ենք ընդհանրապաես չբերենք ոչ մի բան ու մոռանանք էդ մարդկանց, բայց գոնե այսպես հայապահպանության հարցերն ենք լուծում»,- ասաց Հրանուշ Հակոբյանը: Նա նշեց, որ երեխա ժամանակ Հայաստանից հեռացած մարդուն  այսօր ճիշտ չէ ասել, թե փախել է բանակից:

lragir.am

Նոյյան տապան  -   Հասարակություն