ՏԿԱԻ նախարարն ընդունել է Գերմանական Կարմիր խաչի դոցենտ-փորձագետ Վ. Շմիդտին


ՏԿԱԻ նախարարն ընդունել է Գերմանական Կարմիր խաչի դոցենտ-փորձագետ Վ. Շմիդտին

  • 28-04-2015 13:19:38   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Արմեն Երիցյան. «Համայնքների ղեկավարների կողմից առաջին օգնության հմտություններին տիրապետելը կարևոր գործոն է»
 
Ապրիլի 28-ին ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանն ընդունեց Գերմանական Կարմիր խաչի Բադեն Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության (ԳԿԽԲՎԵԿ) երկրամասային դպրոցի դոցենտ-փորձագետ, ԱՌՆԱՊ-ԳԿԽ ԲՎ ԵԿ համագործակցության պատասխանատու Վոլֆգանգ Շմիդտին՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ համատեղ իրականացվող «Աղետներին պատրաստվածության և ռիսկի նվազեցման ազգային կարողությունների հզորացում» նախագծի շրջանակներում ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի մասնագետների վերապատրաստման դասընթացների ավարտի կապակցությամբ:
 
Ողջունելով հյուրին՝ նախարար Երիցյանը շնորհակալություն հայտնեց երկար տարիների համագործակցության համար և հետաքրքրվեց դասընթացների արդյունքում ՏԿԱԻ աշխատակիցների ձեռքբերումներով:
 
Շեշտելով, որ աշխատանքը Հայաստանում շատ հաճելի և բեղմնավոր էր՝ Վ. Շմիդտը նշեց, որ ՏԿԱԻ աշխատակիցների պատրաստվածության բարձր մակարդակը երևաց հաջողությամբ հանձնված քննությունների ժամանակ: Պարոն Շմիդտը հատկապես շեշտեց հեռախոսով առաջին օգնություն ցույց տալու բարձր հմտությունների առկայությունը նախարարության հաշմանդամություն ունեցող աշխատակիցների մոտ. «Նրանք չեն կարող ֆիզիկական աշխատանք կատարել, սակայն իրենց մտավոր աշխատանքով կարող են մեծ օգնություն ցուցաբերել դրա կարիքը ունեցող մարդկանց»,-ասաց Վ. Շմիդտը: 
 
Կարևորելով առաջին օգնություն ցուցաբերելու հմտությունների առկայությունը հատկապես այն անձանց մոտ, ովքեր աշխատանքի բերումով անընդհատ շփվում են ազգաբնակչության հետ՝ ՏԿԱԻ նախարարն առաջարկեց Գերմանական Կարմիր խաչի Բադեն Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության հետ համատեղ առաջին օգնության դասընթացներ կազմակերպել նաև համայնքների ղեկավարների համար (մարզպետեր, քաղաքապետեր, գյուղապետեր): «Շատ կարևոր է, որպեսզի ամեն համայնքի ղեկավար կարողանա արտակարգ իրավիճակներում տիրապետել առաջին օգնություն ցուցաբերելու հմտություններին»,-շեշտեց նախարար Երիցյանը:
 
Վ. Շմիդտը ողջունեց ՏԿԱԻ նախարարի առաջարկը՝ նշելով, որ Գերմանիայում նման փորձ արդեն արվում է, և այս նախաձեռնությունը ազգաբնակչությանն արտակարգ իրավիճակներում առավելագույնս արդյունավետ պաշտպանելու գրավականներից մեկն է:
 
Նախնական առաջարկով նախատեսվում է համայնքների վերապատրաստման դասընթացներն իրականացնել մարզկենտրոններում. նախարար Երիցյանը նշեց, որ բոլոր դասընթացներին
 
ներկա կլինեն ՏԿԱԻՆ համապատասխան պաշտոնատար անձինք, իսկ շատերին էլ Արմեն Երիցյանը կմասնակցի անձամբ: «ՏԿԱԻ նախարարությունը կարևորում է համայնքի ղեկավարների կողմից առաջին օգնություն ցուցաբերելու հմտությունների ձեռքբերման հարցը»,-շեշտեց նախարար Երիցյանը:
 
Ընդգծելով վերոնշյալ նախաձեռնության կարևորությունը՝ Վ. Շմիդտը նշեց, որ դասընթացների ավարտին համայնքի ղեկավարներին կտրվեն համապատասխան վկայականներ:
 
Նշենք, որ բարձր գնահատելով ԳԿԽ ԲՎ ԵԿ երկրամասային դպրոցի դոցենտ-փորձագետ Վոլֆգանգ Շմիդտի ավելի քան քառորդ դար Հայաստանին ցուցաբերած աջակցությունը՝ օրերս ՏԿԱԻ նախարարը նրան պարգևատրեց «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play