Ձեր կովերը մեր հայաթով չպետք է անցնեն, ձեր ջուրը մեր հայաթով չպետք է հոսի.Դանակահարություն հարևանների միջև


Ձեր կովերը մեր հայաթով չպետք է անցնեն, ձեր ջուրը մեր հայաթով չպետք է հոսի.Դանակահարություն հարևանների միջև

  • 28-04-2015 14:03:14   | Շիրակի մարզ  |  Հասարակություն

«Ժողովուրդ» օրաթերթն այսօր հայտնել է, որ Շիրակի մարզի Ողջի գյուղում երեկ դանակահարություն է տեղի ունեցել: Գյուղի բնակիչներ 46-ամյա Յուլյա և 84-ամյա Մաքսիմ Ասկանյաններին դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել համագյուղացի Վալերի Գրիգորյանը: Armlur.am-ի հետ զրույցում համայնքի ղեկավար Հրաչիկ Մանուկյանը հայտնեց, որ դեպքի մասնակիցները ոչ միայն համագյուղացիներ են, այլև հարևաններ և ազգականներ. նրանց միջև առկա թշնամանքը երկար տարիների պատմություն ունի. «Մաքսիմի դուստրերից մեկը Վալերիի եղբոր հարսն է: Նրանք էլ հարյուր տարվա հարևաններ են: Բաքվից են գաղթել Հայաստան: Այնտեղ էլ իրար հարևան են եղել: Նրանց կռիվն էլ արդեն երկար տարիներ է` ձգվում է: Մաքսիմը դստեր հետ տարիներ շարունակ կռիվներ և լարված հարաբերություններ է ստեղծել բոլոր հարևանների հետ, այդ թվում` Վալերիի. ձեր կովերը մեր հայաթով չպետք է անցնեն, ձեր ջուրը մեր հայաթով չպետք է հոսի և այդպես շարունակ: Միշտ խոսել ենք այդ մարդկանց հետ, միշտ բացատրել ենք, որ այդպես չի կարելի, բայց ապարդյուն: Հիմա էլ խեղճ Վալերիկի համբերության բաժակը լցվել էր: Անգամ կույր որդուն էին անպատվում և անձնական վիրավորանքներ ասում»,- ներկայացրեց գյուղապետը: Վերջինիս փոխանցմամբ` հարևանների միջև հարաբերություններն այն աստիճան են լարվել, որ անգամ երկու դատական քննություն է եղել նրանց մասնակցությամբ: Հրաչիկ Մուրադյանը հայտնեց նաև, որ Յուլյան ամուսնացած չէ, հոր և մոր հետ է բնակվում: Նրանց ընտանիքին բազմաթիվ օգնություններ են հատկացրել համայնքային բյուջեից, որպեսզի հնարավորինս «գոհ լինեն կյանքից», սակայն դա էլ այս ընտանիքին «դարձի չի բերել»: «Գյումրի» ԲԿ-ից Armlur.am-ին հայտնեցին, որ Մաքսիմ և Յուլյա Ասլանյաններն իրենց մոտ են տեղափոխվել «Ամասիա» ԲԿ-ից արյունահոսող վերքերով: Այս պահին նրանք գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, երկուսի վիճակն էլ միջին ծանրության է: Հայրը դանակի հարվածներ է ստացել գլխի հատվածում, աղջիկը` կրծքավանդակի: Նրանք կարողանում են տեղաշարժվել, սնվել և շփվել հարազատների հետ: 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն