Ժամանակակից սպանդանոց՝ Արագածոտնի մարզի Վարդենուտ համայնքում


Ժամանակակից սպանդանոց՝ Արագածոտնի մարզի Վարդենուտ համայնքում

  • 28-04-2015 16:58:58   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր Արագածոտնի մարզի Վարդենուտ համայնքում մասնակցել է նորակառույց սպանդանոցի բացման արարողությանը:
 
Միջոցառմանը ներկա էին  նաև ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Տայիսը,  ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանակային գրասենյակի դաշտային ծրագրերի պատասխանատու  Գերոլդ Բոդեկերը, Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը,  Սննդամթերքի անվտանգության պետական  ծառայության պետ Արմեն Հայրապետյանը,  տարբեր միջազգային կազմակերպությունների և ՀԿ-ների ներկայացուցիչներ:
 
Սպանդանոցը հիմնվել է  ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ և Հունաստանի Հանրապետության կառավարության  ֆինանսավորմամբ: Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից իրականացվող  «Աջակցություն սպանդանոցների զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում:
 
Ծրագրի շրջանակում կառուցվել են ևս  4 տիպային սպանդանոցներ Զառիթափ, Արզնի,  Օձուն և Մայակովսկի համայնքներում:
 
«Նմանատիպ ժամանակակից սարքավորումներով հագեցած սպանդանոցների շահագործումը  հնարավորությունն է տալիս կանխարգելել գյուղատնտեսական կենդանիների վարակիչ հիվանդությունները,  սպառողների համար  առավել անվտանգ ու որակյալ արտադրանք ապահովել և աստիճանաբար նվազագույնի հասցնել բակային մորթը»,- շեշտել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն իր բացման խոսքում:
 
Նախարարը  կարևորել է այս ոլորտում Հունաստանի կառավարության հետ  առկա համագործակցության արդյունավետ փորձը և աջակցությունը` նշելով, որ սպանդանոցների կառուցումը շարունակական է լինելու, և նախարարությունն իր առջև խնդիր է դրել հանրապետության բոլոր մարզերում նմանօրինակ սպանդանոցներ հիմնել: Նախարարը հայտնել է նաև, որ անասնապահության ոլորտում մեծածավալ ներդրումներ են իրականացվում «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի միջոցներով, որի շրջանակում էլ նախատեսվում է իրագործել անասնապահական մթերքների արտադրության արժեշղթաների հզորացումը,  այդ թվում՝  սպանդանոցների կառուցումը:
 
«Հունական կողմը ողջունում է սպանդանոցների բացումը,-  նշել է  Իոաննիս Տայիսը,- մենք ուրախ ենք, որ իրականացված ֆինանսական ներդրումները  կխթանեն ազգային հաստատությունների կարողությունները` ուղղված որակյալ մսի և մսամթերքի արտադրությանը»:
 
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են,  որ դեսպանը ընդգծել է, որ երկու երկրների կառավարությունների գործընկերությամբ Հայաստանում իրականացվել են մի շարք ծրագրեր ինչպես գյուղատնտեսության, այնպես էլ այլ ոլորտներում, այժմ ընթացքի մեջ է մեկ այլ ծրագիր, որն առնչվում է թունաքիմիկատներին և  մնացորդային քանակների որոշմանը` համոզմունք հայտնելով, որ երկուստեք փոխշահավետ համագործակցությունը հետագայում նույնպես կշարունակվի:
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play