Ռուբեն Հակոբյանի հայտարարությունը ՀՀ ԱԺ նիստում


Ռուբեն Հակոբյանի հայտարարությունը ՀՀ ԱԺ նիստում

  • 28-04-2015 18:20:34   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ավարտվեցին Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները, որոնք բացառիկ էին իրենց կազմակերպվածությամբ ու համազգային համախմբվածությամբ: Հատուկ գնահատականի է արժանի միջոցառումների  էության եւ կազմակերպման քաղաքակիրթ մատուցումը: 
    Տարելիցը յուրահատուկ քննաշրջան դարձավ նաեւ քաղաքակիրթ աշխարհում մարդու իրավունքները եւ համամարդկային արժեքները որպես պետական առաջնահերթություններ հռչակող պետությունների համար: Դրանցից որոշները մեկ անգամ եւս ի լուր աշխարհի հայտարարեցին, որ այդ արժեքները իրենց համար ավարտվում են այնտեղ, որտեղ սկսվում են իրենց անձնապետական շահերը: Եւ` վերջ: Քննարկելն անիմաստ է: Այդպես եղել է նաեւ 100 տարի առաջ՝ Հայոց ցեղասպանության օրերին: Իրենց այդ ձեռագիրը նրանք իրականացնում են նաեւ այսօր` Հյուսիսային Աֆրիկայում, Մերձավոր Արեւելքում, Եվրոպայի տարբեր հատվածներում եւ այլուր: 
    Հարգանք եւ խոնարհում Հռոմի Պապին` քրիստոնեական եւ համամարդկային արժեքների նվիրյալը եւ անզիջում պաշտպանը լինելու համար: Պապի խոսքը աննախադեպ ուղերձ էր քաղաքակիրթ եւ, հատկապես, քրիստոնեական աշխարհին, ինչի  դրսեւորումներն արդեն ակնհայտ են եւ առաջիկայում դրանք նոր շարունակություն կունենան:
    Ջահերով բազմահազարանոց երթը Հայրենիքի գրեթե բոլոր քաղաքներում եւ ի Սփյուռս աշխարհի՝ մեր երիտասարդության մեկտեղված, գոտեպնդող խոսքն էր` ուղղված բոլորիս` «Մենք միասնական ենք, պատրաստ ենք եւ Տերն ենք մեր անցյալին, ներկային ու ապագային: Մեծեր` ուշադիր եղեք եւ՝ նկատի ունեցեք»: 
    Բայց ակնհայտ է մի պարզագույն ճշմարտություն` մեկուկես միլիոն արդեն Սրբադասված անմեղ զոհերի հոգիները լույսի մեջ կհանգչեն, եթե կարողանանք Հայաստանն ու Արցախը դարձնել պետականորեն կայացած, պաշտպանված եւ մեր քաղաքացուն արժանապատիվ եւ բարեկեցիկ կյանք ապահովելու դեպքում:
    Վերջին շրջանում այս համազգային համախմբումն ու միասնական բռունցքը յուրօրինակ քաղաքական եւ բարոյական վարկ էր մեզ բոլորիս` Հայաստանը այս վիճակից դուրս բերելու համար: Եկեք գոնե այս անգամ արդյունավետ օգտագործենք քաղաքակիրթ աշխարհի եւ համազգային ուժերով հավաքած այս անչափելի վարկը:    
 
ՆՐԱՆՔ  ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն