Կայացավ իրանահայ գրող, թարգմանիչ Խաչիկ Խաչերի՝ «Թռիչք Կռունկի հետ» 65 ժամանակակից հայ գրողների բանաստեղծությունների պարսկերեն անթոլոգիայի շնորհանդեսը


Կայացավ իրանահայ գրող, թարգմանիչ Խաչիկ Խաչերի՝ «Թռիչք Կռունկի հետ» 65 ժամանակակից հայ գրողների բանաստեղծությունների պարսկերեն անթոլոգիայի շնորհանդեսը

  • 28-04-2015 18:22:30   | Հայաստան  |  Մշակույթ

Ապրիլի 28-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ և Հայաստանի գրողների միության, Գրականության և արվեստի թանգարանի աջակցությամբ Գրողների միության դահլիճում կայացավ իրանահայ գրող, հրապարակախոս, թարգմանիչ Խաչիկ Խաչերի կողմից կազմված և թարգմանված «Թռիչք Կռունկի հետ» 65 ժամանակակից հայ գրողների բանաստեղծությունների պարսկերեն անթոլոգիայի շնորհանդեսը:
Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա մասնավորապես նշեց. «Խաչիկ Խաչերի անթոլոգիայի տպագրությունը կարևոր ձեռքբերում է հատկապես Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում: Իրանում մենք ունենք հայ գրողների մի ամբողջ աստղաբույլ, և նրանք բոլորն էլ ցանկանում են իրենց գրքերի շնորհանդեսները Հայրենիքում կազմակերպել: Նրանցից է Խաչիկ Խաչերը»:
«Խաչիկ Խաչերի թարգմանական այս աշխատանքը հայ ժողովրդի կենսունակության մի նոր ապացույց է եւ մշակութային կամուրջ Իրանի և Հայաստանի բարեկամական կապերը զարգացնելու ուղղությամբ»,- ընդգծեց գերատեսչության ղեկավարը:
Հեղինակի և նրան աջակից խմբագրական խազմի կողմից ընտրված և թարգմանված 65 ժամանակակից բանաստեղծներից 34-ը Հայաստանից են, 4-ը՝ Արցախից, իսկ մնացյալը՝ Լիբանանից, Սիրիայից, ԱՄՆ-ից Վրաստանից և այլ երկրներից:
Շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարարությանը սփյուռքահայ գրողների ստեղծագործությունները տպագրելու և Հայրենիքում ճանաչելի դարձնելու գործում ներդրվող մշտական ջանքերի համար՝ Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը նշեց, որ Խաչիկ Խաչերի գիրքը հնարավորություն կտա պարսկական հասարակությանը՝ պատկերացում կազմելու ժամանակակից հայ գրականության մասին:
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը նշեց, որ առաջիկայում Իրանում կայանալիք գրքի փառատոնի հայկական տաղավարում ներկայացված կլինի նաեւ Խաչիկ Խաչերի «Թռիչք Կռունկի հետ» անթոլոգիան:
Խաչիկ Խաչերի աշխատանքի մասին գնահատանքի խոսքով հանդես եկան գրողներ և գրականագետներ Անդրանիկ Մանուկյանը, Արևշատ Ավագյանը, Հասմիկ Հակոբյանը, Կարինե Աշուղյանը և այլք: Իսկ բանաստեղծուհի Մետաքսեի դուստրը՝ Լիլիթը, Խաչիկ Խաչերին նվիրեց բանաստեղծուհու ընտրանին:
Այնուհետև շնորհակալական խոսքով հանդես եկավ հեղինակը՝ Խաչիկ Խաչերը՝ նշելով, որ ՀՀ սփյուռքի նախարարության մշտական հոգածության արդյունքում այսօր իրանահայ բանաստեղծները առավել լայնորեն են ներկայացված հայ հասարակությանը:
Հեղինակը շեշտեց, որ շարունակելու է հայ ժամանակակից հեղինակների ստեղծագործությունները թարգմանելու և պարսկախոս, գերմանախոս, անգլախոս հասարակությանը ներկայացնելու առաքելությունը:
 
Նոյյան տապան  -   Մշակույթ