Դեկտեմբերի 22-ին տեղի ունեցավ Երիտասարդ առաջնորդների դպրոցի ավարտական արարողությունը<br />


Դեկտեմբերի 22-ին տեղի ունեցավ Երիտասարդ առաջնորդների դպրոցի ավարտական արարողությունը

  • 22-12-2010 17:04:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 22-ին տեղի ունեցավ Երիտասարդ առաջնորդների դպրոցի (ԵԱԴ) ավարտական արարողությունը: Շուրջ 40 երիտասարդներ, որոնք միջին ու բարձր մակարդակի ղեկավարներ են պետական, մասնավոր ու հասարակական ոլորտում, ստացան դպրոցի ավարտական վկայագրեր, իսկ ավելի քան 90-ը` մասնակցության միջանկյալ հավաստագիր: ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը, շնորհավորելով դպրոցի սաներին, մասնավորապես նշեց, որ երիտասարդ առաջնորդների խրախուսումը, նրանց համար գործունեության դաշտի ստեղծումը պետական երիտասարդական քաղաքականության կարեւորագույն բաղադրիչներից է: «Մեր հասարակության մեջ արմատացած են բազմաթիվ խնդիրներ, որոնք պետական իշխանությունը չի կարող եւ ի զորու չէ միայնակ լուծել: Շատ խնդիրներ լուծելի են դառնում առաջնորդական որակներ ունեցող մարդկանց հետ համագործակցության շնորհիվ: Հանրային կյանքի որ ոլորտում էլ լինեք հետագայում, կուզենամ, որ միշտ լինեք նախաձեռնող, ազնիվ, կրեք հայ երիտասարդի բարձր բարոյական նկարագիրը: Միայն այս կարգի որակներով է, որ մեր հասարակությունը կարող է լուծել իր առջեւ ծառացած խնդիրները»,- նշեց Ա.Քարամյանը: «Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սամվել Մերթարջյանը կարեւորեց ժամանակակից երիտասարդի մեջ առաջնորդական որակները, նշելով, որ արագ փոփոխվող մեր ժամանակներում դրանք մարդուն տալիս են երկարաժամկետ, ճկուն ծրագրեր կազմելու, հեռուն տեսնելու հնարավորությունղ Երիտասարդ առաջնորդների դպրոցի ղեկավար Արտակ Շաքարյանը նույնպես կարեւորեց երիտասարդների դերը ՀՀ պետականաշինության գործում: «Հայաստանի զարգացման հիմնաքարը երիտասարդությունն է` կրթված, փոփոխությունների պատրաստ, գաղափարի շուրջ միավորված, բարոյական բարձր չափանիշներ ունեցող երիտասարդությունը: Մենք հավատացած ենք, որ ունենալով նման հատկանիշներով օժտված երիտասարդների մի ստվար շերտ մեր հասարակությունում` Հայաստանը կկարողանա հասնել դրական փոփոխությունների ու բարձրանալ որակական նոր մակարդակի»,- ասաց նա: Ըստ ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնի հաղորդագրության, Երիտասարդ առաջնորդների դպրոցն աշխատանքներն սկսել է 2006թ.-ի գարնանը եւ գործում է ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության «Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն» ՊՈԱԿ-ի կազմում: ԵԱԴ առաքելությունն է աջակցել առողջ արժեքային համակարգ ունեցող նոր սերնդի ձեւավորմանը, բացահայտել առաջնորդական ներուժով օժտված երիտասարդների եւ նպաստել նրանց գիտելիքների ու հմտությունների, աշխարհայացքի, մոտեցումների զարգացմանն ու ձեւավորմանը: 2006թ.-ից մինչեւ այսօր դպրոցում կազմակերպվել է 15 ընդունելություն, որին դիմել է ընդհանուր առմամբ ավելի քան 3375 երիտասարդ, որոնցից ընդունվել են 562-ը: Ներկայումս դպրոցի սաների թիվը 252 է: Դպրոցի դասախոսական կազմում ընդգրկված են ոչ միայն փորձառու մասնագետ դասախոսներ, այլեւ հասարակական-քաղաքական ականավոր գործիչներ, որոնք ուսանողների հետ կիսվում են իրենց հարուստ եւ բազմամյա փորձառությամբ:
Նոյյան տապան  -   Հասարակություն