Հայաստանի և Օսեթիայի խորհրդարանների նախագահների միջև կայացած հանդիպումը դժգոհություն է առաջացրել Վրաստանում. ՀՀ դեսպանին կանչել են Վրաստանի ԱԳՆ


Հայաստանի և Օսեթիայի խորհրդարանների նախագահների միջև կայացած հանդիպումը դժգոհություն է առաջացրել Վրաստանում. ՀՀ դեսպանին կանչել են Վրաստանի ԱԳՆ

  • 05-05-2015 10:38:57   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
 
 
 
 
«Խորհրդարանում «Պաշտպանության մասին» օրենքը մինչ այժմ խնդիրներ ունի: Կարծում եմ` կարևոր է, որպեսզի մենք իրապես անցնենք փոփոխությունների այն չափանիշներին, որոնք պահանջում է մեզնից ՆԱՏՕ-ում և միջազգային հանրությունում անդամակցությունը: Կլինեն դեպքեր, երբ հնարավոր է, դուք ինձ տեսնեք ռազմական հագուկապով: Բայց դա չէ պաշտպանության նախարարի գլխավոր գործը: Պաշտպանության նախարարը պետք է կարողանա ծառայել բանակին այստեղից՝ քաղաքացիական սեկտորից: Նա պարտավոր չէ զինվոր դառնալ: Հենց դա է 21-րդ դարի պահանջը, որի առջև մենք կանգնած ենք», -մայիսի 4-ին հայտարարել է Վրատսանի Պաշտպանության նորանշանակ նախարար Թինաթին Խիդաշելին:
«Եվրամիության հետ Ասոցիացիայի մասին պայմանագիրը Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի համար կարևոր խթան է, որպեսզի մենք շատ ուղղություններում բեկում իրականացնենք: Այդ բեկումը պարտադիր է: Եվոպական ընտանիքին անդամակցությունը մեր ներկայիս տնտեսական ցուցանիշներով, սկզբունքորեն անհնար է: Անհնար է, որպեսզի լինի նման գործազրկություն, ինչպիսին կա: Անթուլատրելի է, որ քաղաքացիներն ունենան նման ցածր աշխատավարձեր, ինչպես դա Վրաստանում է: Հատկապես այդ պատճառով մեզ անհրաժեշտ են լրացուցիչ էներգիա և խթան», -մայիսի 4-ին հայտարարել է Վրաստանի Խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուփաշվիլին:
Խորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունները դժգոհ են Կառավարությանում նոր նշանակումների հետ: «Խորհրդարանում մեծամասնությամբ այն պատգամավորներն են, որոնք հասկանում են, որ քվեարկելով Կառավարության նոր կազմի օգտին, նրանք քվեարկում են երկրի իրավիճակի վատթարացման օգտին: Մարիոնետ նախարարները և Իվանիշվիլին չեն խոստովանում, որ երկրում կան լուրջ խնդիրներ: Եվ դա արդեն մեծ խնդիր է», -մայիսի 4-ին հայտարարել է «Միացյալ Ազգային Շարժման» ներկայացուցիչը: «Կառավարությանում նոր նշանակումները ոչ մի փոփոխություններ չեն բերի: Այն, ինչ տեղի է ունենում, կապված է կուլիսների ետևից երկրի կառավարման հետ: Երկրի ամենամեծ խնդիրն այն է, որ երկիրը ղեկավարվում է մի մարդու կողմից կուլիսների ետևից: Մինչև այդ խնդիրը չլուծվի, չարժե փոփոխությւոնների սպասել», -հայտարարել է «Ազատ Դեմոկրատներ» խորհրդարանական ընդիմադիր խմբակցության ներկայացուցիչը:
Թբիլիսիի կենտրոնում գտնվող դպրոցներից մեկում մայիսի 4-ին արձանագրվել է դպրոցականների տուբերկուլյոզի վարակի 4 դեպք: Վրաստանի Կրթության նախարարությունը, մեկնաբանելով այդ դեպքը, հայտարարել է, որ անհանգստանալու պատճառ չկա, և համապատասխան գերատեսչությունները վարում են իրավիճակի ուսումնասիրություն:
Մայիսի 4-ին Վրաստանի սահմանային ծառայությունը Սև ծովում բռնել է թուրքական «MECIT KAPTAN» նավը ծովային «հատուկ բարդության շրջաններում» նավիգացիայի կանոնները խախտելու և այլ նավերի համար սպառնալիք առաջացնելու պատճառով: Թուրքական նավը տուգանվել է 50 000 լարիով:
«Ուզում եմ խնդրել լրագրողներին հատուկ զգուշությամբ լուսաբանել ազգային արժույթի կուրսի փոփոխությունների հետ կապված հարցերը: Ցանկացած սխալ գործողությունները կհանգեցնեն իրավիճակի վատթարացմանը», -հայտարարել է Վրաստանի Տնտեսության նախարարը: Վրաստանի Կենտրոնական Bանկը մայիսի 5-ի համար սահմանել է լարիի փոխանակման կուրսը` 1 դոլարն արժե 2.3221 լարի, 1 եվրոն` 2.5859 լարի:
«Վրաստանի Արտաքին Գործերի նախարարն աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և չի ընդունում այսպես կոչված խորհրդարանական ընտրությունները, որոնք կայացել են մայիսի 3-ին Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի շրջանում: Վրաստանի Արտաքին Գործերի նախարարը հուսով է, որ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը խաղաղ ճանապարհով կլուծվի ամեն հնարավոր ձևաչափի օգտագործմամբ», -ասված է Վրաստանի Արտաքին Գործերի նախարարության հայտարարությունում:
Մայիսի 4-ին վրացական մամուլում աղմուկ է բարձրացել այն կապակցությամբ, որ չճանաչված Հարավային Օսեթիայի (Սամաչաբլո շրջան) խորհրդարանի նախագահի վարչությունը նկար է հրապարակել, որտեղ պատկերված  են Հայաստանի Խորհրդարանի նախագահը և չճանաչված Հարավայի Օսեթիայի խորհրդարանի նախագահը: Նկարը լուսանկարվել էր մայիսի 3-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Մայիսի 4-ին Վրաստանի Արտաքի Գործերի Նախարարության մամլո-ասուլիսի ժամանակ «Մաեստրո» հեռուստաընկերության լրագրողը հրաց է ուղղել Արտաքին Գործերի Նախարարության մամլո-խոսնակին` «տեղյա՞կ է արդյոք Վրաստանի ԱԳՆ նախարարը, որ Ղարաբաղում հանդիպում է կայացել Հայաստանի Խորհրդարանի նախագահի և բռնագրավված Օսեթիայի խորհրդարանի նախագահի միջև»: «Մենք փորձում ենք ճշտել` համապատասխանո՞ւմ է արդյոք տեղեկատվությունն իրականությանը: Մեր դեսպանությունը Հայաստանում աշխատում է այդ հարցի շուրջ: Եթե դա այդպես է, իհարկե, դա կլինի շատ տխուր փաստ: Մենք կարձագանքենք խստորեն: Բոլոր միջոցներով, ինչ նախատեսում ենք», -հայտարարել է Վրաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Նույն օրը Վրաստանի ԱԳՆ նախարարություն է կանչվել Վրաստանում Հայաստանի Հանրապետության Դեսպան Յուրի Վարդանյանը: «Հանդիպման ընթացքում Վրաստանի ԱԳՆ փոխնախարար Գիգի Գիգիաձեն ծայրահեղ անհանգստություն է արտահայտել Հայաստանի Խորհրդարանի նախագահի և ռուսական օկուպացիոն ռեժիմի Ցխինվալիի շրջանում աշխատող ներկայացուցչի միջև հանդիպման փաստի կապակցությամբ: Տվյալ փաստը հակասում է Վրաստանի և Հայաստանի միջև գոյություն ունեցող ավանդական ընկերության ոգուն, վնաս է հասցնում երկկողմանի հարաբերություններին: Վրաստանի ԱԳՆ փոխնախարարը նաև զարմանք է արտահայտել և նշել, որ բարեկամ պետությունների  պաշտոնական անձանց` և օկուպացիոն ռեժիմի ներկայացուցիչների միջև ցանկացած տեսակի հաղորդակցություն բացարձակապես անընդունելի է վրացական կողմի համար: Իր հերթին Վրաստանում ՀՀ դեսպանը ափսոսանք է հայտնել կատարվածի կապակցությամբ և հայտարարել, որ անհապաղ կփոխանցի Երևանին Վրաստանի դիրքորոշումը», -ասված է Վրաստանի ԱԳՆ-ի տարածած տեղեկատվությունում:
Վրացական ամենաընթերցվող «Ասավալ-Դասավալ» թերթը ապրիլի 4-ի իր համարում հրապարակել է կոչը ԱՄՆ-ի իշխանություններին` ընդունել Վրաստանին իր կազմի մեջ: «Դիմում ենք, դեսպանին, նախագահին, ԱՄՆ-ի կոնգրեսին: Պաշտոնապես ընդունե´ք Վրաստանին ձեր կազմի մեջ: Վրատսանը համաձայն է դառնալ ԱՄՆ-ի 51-րդ նահանգը: Ավելի լավ կլինի, եթե Վրաստանի և ԱՄՆ-ի փոխհարաբերությունների դե-ֆակտո իրականացումը ընդունի պաշտոնական տեսք: Միացրե´ք Վրաստանը ձեզ: Այդ հարցի հետաձգումը ոչ մի իմաստ չունի», -գրում է թերթը:
Մայիսի 4-ին Անկարայում կայացել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հանդիպումը Թուրքիայի և Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետեր Նեջեթ Օզելիի և Վախթանգ Կապանաձեի հետ։ Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հանդիպմանը որոշվել է ստեղծել համակարգող խումբ, որը կկարգավորի երեք երկրների զինված ուժերի միջև համագործակցությունը։ Կառույցի նպատակն է եռակողմ ձևաչափով ռազմական ոլորտում համագործակցության ընդլայնումը՝ համատեղ զորավարժությունների, դասընթացների անցկացում, ռազմական կրթության և առողջապահության ոլորտում համագործակցության բարձրացում և փորձի փոխանակում։ Հանդիպման ավարտին ստորագրվել է արձանագրություն։
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play