ԱԱԾ աշխատակիցների մի խումբ մասնագիտական տոնի առթիվ արժանացել է պետական բարձր պարգեւների<br />


ԱԱԾ աշխատակիցների մի խումբ մասնագիտական տոնի առթիվ արժանացել է պետական բարձր պարգեւների

  • 20-12-2010 20:56:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը դեկտեմբերի 20-ին մասնակցել է Ազգային անվտանգության ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Ողջունելով եւ շնորհավորելով ԱԱԾ աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ, Տ.Սարգսյանը, մասնավորապես, ասել է. «Հանրապետության նախագահն իր ուղերձում հստակ ձեւակերպել է այն խնդիրները, որոնք այսօր դրվում են ձեր առջեւ: Գաղտնիք չէ, որ Ազգային անվտանգության ծառայության առջեւ ծառացած խնդիրները ժամանակակից աշխարհում արագ փոփոխվում են, ի հայտ են գալիս նոր վտանգներ, նոր մարտահրավերներ, նոր ռիսկեր: Մենք միասին պարտավոր ենք ժամանակին բացահայտել այդ ռիսկերը, հստակ ձեւակերպել` որ ասպարեզներում, որ ոլորտներում են դրանք դրսեւորվելու եւ ունենալ միջոցներ ու հնարավորություններ` կանխարգելելու այդ վտանգները: Հայաստանի Հանրապետության կառավարության պարտավորությունն է ապահովել Ազգային անվտանգության ծառայությանը համապատասխան ժամանակակից միջոցներով: Սահմանի պաշտպանությունից մինչեւ կիբեռանվտանգության խնդիրների լուծումը բավական խորը եւ բովանդակային խնդիրներ է իր մեջ պարունակում եւ պահանջում է ձեզանից ամեն օր կատարելագործել ձեր մասնագիտական հմտությունները: Մենք համոզված ենք, որ այսօր ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն ունի այդ կարողությունները` դիմագրավելու բոլոր մարտահրավերներին եւ վտանգներին»: Վարչապետը ՀՀ կառավարությանն առընթեր ԱԱԾ օպերատիվ-տեխնիկական գլխավոր վարչության պետ, գնդապետ Ռուբեն Ափոյանին եւ ԱԱԾ սահմանադրական կարգի պահպանության եւ ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ, գնդապետ Տիգրան Բարսեղյանին է հանձնել ՀՀ նախագահի դեկտեմբերի 17-ի հրամանագրերով նրանց շնորհված գեներալ-մայորի ուսադիրները: Տ.Սարագսյանը նաեւ հանձնել է ՀՀ Նախագահի հրամանագրով ԱԱԾ մի շարք աշխատակիցներին ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած նվիրումի համար շնորհված Մարտական ծառայության մեդալները, ինչպես նաեւ պարգեւատրել ՀՀ վարչապետի որոշմամբ շնորհված ՀՀ վարչապետի հուշամեդալներով եւ շնորհակալագրերով:
Նոյյան տապան  -   Քաղաքական