ՀՀ պաշտպանության նախարարի անակնկալ այցը զորամաս


ՀՀ պաշտպանության նախարարի անակնկալ այցը զորամաս

  • 26-05-2015 13:45:34   | Հայաստան  |  Հասարակություն

 
Մայիսի 26-ին՝ վաղ առավոտյան, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը անակնկալ այցով եղել է ՀՀ ԶՈՒ զորամասերից մեկում, հետևել ծառայության կազմակերպման ընթացքին: 
 
Նպատակ ունենալով տեղում ստուգելու զինանձնակազմի առօրյա ծառայության մի քանի դրվագներ, ինչպես նաև ծանոթանալու զինծառայողների ֆիզիկական, մարտական և բարոյահոգեբանական պատրաստվածությունը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը անակնկալ այցի շրջանակում անձամբ հետևել է անձնակազմի վերկացին, առավոտյան մարմնամարզության իրականացմանը, սպորտմասսայական միջոցառումների մեթոդապես ճիշտ և արդյունավետ անցկացման կարգին ու ժամանակացույցին: 
Վազք, ձգումներ պտտաձողի վրա, ուժային համալիր վարժություններ. զորամասի շարահրապարակում և ֆիզպատրաստության հրապարակում ամեն ինչ ընթանում էր օրվա կարգացուցակի պահանջներին համապատասխան: Զինանձնակազմն ակտիվորեն զբաղված էր շարային ու ֆիզիկական պատրաստության մարզումներով, որոնք, անշուշտ, միտված են զինծառայողների՝ ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեպես կոփմանը, իսկական զինվորականի կեցվածքի ձևավորմանը:
Պաշտպանության նախարարի ուշադրության կենտրոնում էին նաև զորամասի վերակարգի՝ հերթապահների և օրապահների պարտականությունների իմացությունը, անձնակազմի օրակարգի կատարման ապահովման և հրամանատարության կողմից վերահսկման մեխանիզմները, դասացուցակների  և ընդհանուր առմամբ՝ ծառայության կազմակերպմանն առնչվող անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը:
 
ՀՀ  ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից հայտնում են,  որ անակնկալ ստուգման արդյունքում արձանագրված որոշ թերությունները վերացնելու համար Սեյրան Օհանյանը առաջադրել է խնդիրներ և համապատասխան հանձնարարականներ տվել զորամասի հրամանատարությանը:
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն