Զարուհի Փոստանջյանը Սյունիքի մարզպետի մեքենայի ուղղությամբ արձակված կրակոցները համարում է բեմադրություն
26-05-2015 14:50:20 | Հայաստան | Հասարակություն
ԱԺ Ժառանգություն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Սյունիքի մարզպետի մեքենայի ուղղությամբ արձակված կրակոցները համարում է բեմադրություն: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, պատասխանելով ԳԱԼԱ-ի հարցին, ասաց Փոստանջյանը:
Իսկ այն, որ Գորիսի ոլորաններում տեղի ունեցածը բեմադրություն է, Փոստանջյանը բացատրում է հետեւյալ կերպ. «Այլ կերպ չէր էլ կարող լինել Սյունիքի մարզում: Այնտեղ, իրոք, ինքը վերահսկում է ամբողջ իրավիճակը, հետեւաբար իր վրա որեւէ մեկը չէր համարձակվի գար այդպես կրակեր, եւ եթե իրոք մտադրություն լիներ նրա վրա կրակելու եւ սպանելու, ապա անպայման կսպանեին, ոչ թե կվրիպեին»:
Ըստ Զարուհի Փոստանջյանի՝ այս բեմադրությունը կազմակերպվել է նրա համար, որպեսզի Սուրիկ Խաչատրյանին զոհ ներկայացնեն:
«Նպատակը՝ իրեն կարգել որպես զոհ: Բայց հասարակությունն ադեկվատ է իրավիճակին եւ հասկանում է, որ բեմադրություն է»,- ասաց Փոստանջյանը: Անդրադառնալով Սյունիքի մարզի որոշ չինովնիկների այն հայտարարություններին, թե Ս.Խաչատրյանի ուղղությամբ արձակված կրակոցներն ուղղված էին պետականությանը, Զարուհի Փոստանջյանն ասաց, թե Սուրիկ Խաչատրյանը չի ներկայացնում պետությունը:
Անդրադառնալով Կոստանյանի՝ ԱԺ-ում արած այն հայտարարությանը, թե ապացույցներ ձեռք բերելու դեպքում Սուրիկ Խաչատրյան չէ, ցանկացած Սուրիկ Խաչատրյանի դատի կտա, Զարուհի Փոստանջյանն այս հայտարարությունը որակեց որպես «մանկական խաղ»: