«ԲՀԿ-ն պայքարելու է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ».ԲՀԿ ղեկավար


«ԲՀԿ-ն պայքարելու է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ».ԲՀԿ ղեկավար

  • 26-05-2015 14:54:46   | Հայաստան  |  Հասարակություն

Նաիրա Զոհրաբյան

ԲՀԿ ներկայացուցիչները կմասնակցեն վաղը Երեւանում ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման բողոքի ակցիային: Այս մասին ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում ասաց ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Վատ կառավարում, չարաշահում, գողություն: Ահա այն «հիմնավորումները», որոնց համար սպառողները պարտավորվելու են ավելի թանկ գնով վճարել սպառած էլեկտրաէներգիայի համար: Նաիրա Զոհրաբյանը հայտարարում է՝ սրանք հիմնավորումներ չեն:

«Բազմաթիվ հարցերի համախումբ է մնում հանրության մոտ, ես նորից պիտի կրկնեմ ԲՀԿ-ի տեսակետը, որ մեզ համար բավականին անընդունելի է, որ ինչ-որ մի մասնավոր կազմակերպության վատ կառավարման, վատ մենեջմենթի կամ իրենց ավելորդ շռայլությունների հանդեպ թուլությունների, գայթակղությունների հետեւանքները պիտի մարի ՀՀ հարկատուն»,- ասաց Ն.Զոհրաբյանը՝ հավելելով, թե ԲՀԿ-ն օրենքով նախատեսված բոլոր գործիքներով պայքարելու է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ: Զոհրաբյանը նշեց, թե իրենք նախատեսել էին հանդիպում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի հետ: Նազարյանը ԲՀԿ-ականներին վստահեցրել է, որ ծավալուն հայտն ուսումնասիրելուց հետո անպայման կհանդիպի ԲՀԿ-ականների հետ: Հիմա, ըստ Ն.Զոհրաբյանի, հանդիպման ձեւաչափը հնարավոր է ենթարկվի փոփոխության եւ ԱԺ-ում տեղի ունենան խորհրդարանական լսումներ, որին կհրավիրեն նաեւ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին, ինչպես նաեւ ՀԷՑ-ի ղեկավարությանը: «Զախարյանը շատ պատասխանատու հայտարարություն արեց՝ խոսելով ՀԷՑ-երի ոլորտում չարաշահումների մասին, եւ երբ որ նման պաշտոնյան նման հայտարարություն անում է, անում է ինչ-որ փաստերի վրա, եւ ես կարծում եմ, որ այդ լսումները երբ կազմակերպվեն, ԱԺ ղեկավարությունը կզբաղվի ոչ թե իմիտացիայով, այլ կհրավիրի հենց հայտ ներկայացնող ընկերություններին»,- ասաց Զոհրաբյանը:

Նրա խոսքով՝ ՀԷՑ-ի տնօրինությանն իրենք ունեն բազմաթիվ հարցեր: Օրինակ, թե ինչու իրենց սենյակները վերածել են Էրմիտաժի կամ Լուվրի, բայց դրա համար պետք է վճարի ՀՀ քաղաքացին: «Կամ, ինչո՞ւ մենք պետք է վճարենք նրա համար, որ իրենք վարեն աշխարհի ամենաթանկ ավտոմեքենաները, որ իրենց գործուղումներն աստղաբաշխական թվեր լինեն: Եթե իրենք կկարողանան այդ աբսուրդները հիմնավորել, մենք, ինչպես ասում են, այդ ժամանակ հարցադրումներ չենք ունենա, բայց հասկանալի է, որ ոչ մի բացատրություն ներկայացնել չեն կարող»,- ասաց Զոհրաբյանը:

Նրա խոսքով՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցով պետք է մտահոգվեն բոլոր քաղաքական ուժերը, իսկ հասարակությունը պետք է միավորվի բոլոր այն քաղաքական ուժերի հետ, որոնք այս բարձրացումը համարում են անհիմն:

Մեր հարցին, թե եթե գողություն է տեղի ունեցել, ապա ինչու գողերին չեն բռնում, Ն.Զոհրաբյանը տվեց հետեւյալ պատասխանը. «Այո, ինչպես կասվեր հին սովետական միլիցիայի օրերին, գողը պիտի գտնվի բանտում: Ես կարծում եմ, որ լսումների ժամանակ քրեական պատասխանատվության հարց կառաջանա»:

Իսկ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հարցադրում է անում. «Երբեւէ տեսե՞լ եք պետական միջոցների գողության պարագայում կամ նմանատիպ այլ դեպքերում երբ հսկայական միջոցներ են վատնվում, ինչ-որ մեկին դատապարտեն: Նման նախադեպերի ես ծանոթ չեմ, երբ նման մարդիկ ազատազրկվեն»:

Հիշեցում՝ ՀԷՑ-ը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու հայտով: Նշենք, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ այս օրերին տեղի են ունենում բողոքի մի շարք ակցիաներ: Վաղը եւս հանրապետության մի շարք քաղաքներում նախատեսված են բողոքի ակցիաներ:

Փայլակ Ֆահրադյան

 

 

 

 

Նոյյան տապան  -   Հասարակություն