«Յուքոմ»-ի նախաձեռնությամբ Երեւանում անցկացվում է հեռուստաբովանդակություն տրամադրող գործընկերների միջազգային համաժողովը


«Յուքոմ»-ի նախաձեռնությամբ Երեւանում անցկացվում է հեռուստաբովանդակություն տրամադրող գործընկերների միջազգային համաժողովը

  • 26-05-2015 18:00:04   | Հայաստան  |  Հասարակություն

Առաջին անգամ «Յուքոմ» ընկերության նախաձեռնությամբ մայիսի 26-ից 28-ը Երևանում անցկացվում է  հեռուստաբովանդակություն տրամադրող գործընկերների միջազգային համաժողովը: Համաժողովի նպատակն է մեկ վայրում միավորել միջազգային հեռուստաբովանդակության մատակարարներին, տարածաշրջանում գոծող հեռարձակման օպերատորներին և Հայաստանի պետական կառույցներին` հեռուստաշուկային վերաբերող խնդիրները քննարկելու և ապագայում համագործակցության եզրեր գտնելու նպատակով: 
Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը, «Յուքոմ»-ն առաջին ընկերությունն է եղել Հայաստանում, որը սկսել է օտարերկրյա կոնտենտի օրինական վերահեռարձակումը. «Ներկայումս «Յուքոմ»-ն ունի հարյուրից ավելի վերահեռարձակվող ալիքների շարք, որոնց թիվը հետագայում կավելանա»,- ասաց նա: 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
Ըստ Հ. Եսայանի` շուտով «Յուքոմ» ընկերությունը հայ հեռուստադիտողին առաջարկելու է նոր կոնտենտ: 
Նա տեղեկացրեց  նաև, որ համաժողովը շարունակական է լինելու, որպեսզի կոնտենտ վաճառողները և գնորդները տեղյակ լինեն ոլորտի խնդիրներին և միմյանց աջակցեն առկա խնդիրների  լուծման հարցում:
Համաժողովին մասնակցում են Discovery, Viasat, MTV, Paramount, Sony, Euronews, Fox, National Geographic, Nickelodeon, Disney Channel հեղինակավոր հեռուստաալիքների ներկայացուցիչները, ինչպես նաև պաշտոնատար այրեր ՀՀ կապի և տրանսպորտի, ֆինանսների, էկոնոմիկայի նախարարություններից, ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովից և այլ պետական ու ոչ պետական կառույցներից:
Համաժողովի մասնակիցները ներկայցնելու են իրենց փորձը, ծանոթանալու են հայաստանյան հեռուստաբովանդակության շուկային, ուսումնասիրելու են տեղի պահանջարկն ու հնարավորությունները, նաև մշակելու են հետագա համագործակցության պլաններ:
ՀՀ կապի և տրանսպորտի փոխնախարար Գագիկ Թադևոսյանի խոսքով` «Յուքոմի» նախաձեռնած վերհոնշյալ համաժողովը շատ կարևոր է և արդիական այն իմաստով, որ աշնանը Հայաստանում հեռուստաալիքների թվայնացման գործընթացն ամբողջությամբ ավարտվելու է: «Հեռուստաալիքների թվայնացումը բացի տեխնիկական բարձր որակ ապահովելուց, անկասկած բերելու է նաև բովանդակություն, հետևաբար բովանդակություն մատակարարողների մասնակցությամբ այս համաժողովը ողջունելի է»,- ասաց Գ. Թադևոսյանը:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն