Հայկական Վերածնունդը պահանջում է կարճել Ոսկերչյանի մուտքը հայրենի երկիր փակելու որոշումը


Հայկական Վերածնունդը պահանջում է կարճել Ոսկերչյանի մուտքը հայրենի երկիր փակելու որոշումը

  • 26-05-2015 18:16:08   | Ֆրանսիա  |  Քաղաքական
«Հայկական վերածնունդ» շարժման Փարիզի մասնաճյուղի պատասխանատու, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Շանթ Ոսկերչյանը ս.թ. մայիսի 21-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից ամբողջ գիշեր պահվել է Զվարթնոց օդանավակայանում, արգելվել է նրա մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք: 
 
Մինչ այդ արդեն բազմակի անգամ ՀՀ ժամանած ֆրանսահայ մտավորականին հայտարարել են անցանկալի անձ (persona non grata) և հերթական անգամ հայրենիք ժամանելուց 12 ժամ հետո իր կամքին հակառակ ետ ուղարկել Փարիզ:
 
«Հայկական վերածնունդ» շարժումը խստիվ դատապարտում է քաղաքական Երևանի կողմից կատարած պետական վրեժխնդրությունը: Անբասիր կենսագրությամբ գործչի, բարեկամ Ֆրանսիայի քաղաքացու և հայ ժողովրդի նվիրյալ զավակի հանդեպ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության այդպիսի վարաբերմունքը որակում ենք որպես ՀՀ իշխանությունների կողմից գիտակցաբար իրականացրած քաղաքական և բարոյական երկակի զանցանք, որը դատապարտելի է ինչպես Հայաստան-Ֆրանսիա  երկկողմանի հարաբերությունների վատթարացման, այնպես էլ` Հայրենիք – Սփյուռք հարաբերություններում չափազանց վտանգավոր անջրպետ ստեղծելու առումով: Արդյո՞ք Շանթ Ոսկերչյանն է վտանգում Հայաստանի Հանրապետության անվտանգությանը, թե՞ օրեցօր իրենց համապետական և համազգային չափերի հանցանքներով հայրենի բնակչությանը կեղեքող ու արտագաղթի մղող իշխանությունները:
 
«Հայկական վերածնունդը» հայտնում է, որ ՀՀ ռեժիմին երբեք թույլ չի տա Հայկական Սփյուռքին ծրագրված բաժանելու երկու հատվածների` մի կողմոմ մեդալակիր և խոնարհ սփյուռքահայեր, մյուս կողմում` հայրենիքին խորթ ու անբաղձալի զավակներ: Շանթ Ոսկերչյան նվիրյալները վաղուց են ապացուցել իրենց հավատարմությունը հայրենիքին և սփյուռքյան իրենց ճակատագիրը կիսող ազգակիցներին, որը հստակորեն նշանակում է, որ այսօր Հայաստանի Հանրապետության պետականաշինությունը, զարգացումն ու անվտանգության ապահովումը առանց սփյուռքի այդ անձնուրաց հատվածի անմիջական մասնակցության, ուղղակի անհնարին է ու կտանի հանրապետության սրընթաց ինքնակործանման: Մենք գիտակցում ենք, որ ս.թ. մայիսի 21-ին ՀՀ ԱԱԾ մերկացրած դամոկլյան սուրը ներկայումս սպառնում է արտերկրում բնակվող յուրաքանչյուր ազնիվ և ընդդիմախոս հայի և որ բացառապես ոչ ոք դրանից ապահովված չէ: Ուստի դիմում ենք սփյուռքի մեր հայրենակիցներին` մեզ հետ միասնաբար պահանջել ռեժիմից` զերծ մնալ Սփյուռքի ընդդիմախոսների հանդեպ սկսված հալածանքներից և կարճել Ոսկերչյանի մուտքը հայրենի երկիր փակելու որոշումը: 
 
ՄԻ´ ԱՐԳԵԼԵՔ ՆՎԻՐՅԱԼ ՀԱՅՈՐԴԻՆԵՐԻ ՄՈՒՏՔԸ ՀԱՅՐԵՆԻՔ 
ԴԱ ԱԶԳԱՅԻՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ Է
 
26 մայիսի 2015թ.
 
Հարգանքներով`
 
«Հայկական վերածնունդ» շարժում
Ստորագրությամբ`
 
ՀՎ-Լոս Անջելեսի մասնաճյուղ
ՀՎ-Բելգիայի մասնաճյուղ
ՀՎ-Գերմանիայի մասնաճյուղ
ՀՎ-Իսպանիայի մասնաճյուղ
ՀՎ-Իտալիայի մասնաճյուղ
ՀՎ-Լիբանանի մասնաճյուղ
ՀՎ-Կանադայի մասնաճյուղ
ՀՎ-Շվեդիայի մասնաճյուղ 
ՀՎ-Չեխիայի մասնաճյուղ
ՀՎ-Ռուսաստանի մասնաճյուղ
ՀՎ-Ֆրանսիայի մասնաճյուղ
                
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական