Վարչապետն ընդունել է «Մայքրոսոֆթ» ընկերության տարածաշրջանային նախագահին


Վարչապետն ընդունել է «Մայքրոսոֆթ» ընկերության տարածաշրջանային նախագահին

  • 26-05-2015 18:21:37   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ



Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է «Մայքրոսոֆթ» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի նախագահ Դոն Գրանթամի գլխավորած պատվիրակությանը: 
Վարչապետը, ողջունելով հյուրերին, բարձր է գնահատել տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում «Մայքրոսոֆթ» ընկերության հետ ծավալված համագործակցությունը և կառավարության անունից այն ընդլայնելու պատրաստակամություն հայտնել: Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ ՏՏ զարգացումը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում, և տարեկան այս ոլորտում գրանցվող 25 տոկոս աճը պայմանավորված է նաև մեր երկրում առաջատար ընկերությունների, այդ թվում` նաև «Մայքրոսոֆթ»-ի գործունեությամբ և հայաստանյան ներկայացուցչության լավ աշխատանքով:
Դոն Գրանթամը շնորհակալություն է հայտնել վարչապետին` ընկերության հետ համագործակցության պատրաստակամության և նախորդ հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները հետևողականորեն կյանքի կոչելու համար: Պարոն Գրանթամը նշել է, որ «Մայքրոսոֆթ»-ը շահագրգռված է ընդլայնել փոխգործակցությունը և նպաստել մեր երկրում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը: 
Բարձր գնահատելով ներկայիս համատեղ ծրագրերի ընթացքը` Հովիկ Աբրահամյանը և Դոն Գրանթամը քննարկել են հետագա համագործակցության զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Այս համատեքստում զրուցակիցները կարևորել են հանդիպումից հետո ՀՀ կառավարության և «Մայքրոսոֆթ» ընկերության միջև համագործակցության հուշագրի և փոխգործակցությանն ուղղված պայմանագրերի ստորագրումը, որոնք էլ կնպաստեն համագործակցության լավ հիմքերի ամրապնդմանը, ՏՏ ոլորտում առկա ներուժի լիարժեք իրացմանը և նոր համատեղ ծրագրերի կյանքի կոչմանը:
 

Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play