Եկամտահարկի գումարները կուղղվեն հիփոթեքային վարկերի սպասարկմանը


Եկամտահարկի գումարները կուղղվեն հիփոթեքային վարկերի սպասարկմանը

  • 26-05-2015 19:18:46   |   |  Տնտեսություն

Մայիսի 26-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության կառավարության հերթական նիստը՝ վարչապետ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ:
 
Գործադիրի որոշմամբ՝ հանրապետությունում ներդրվել է հիպոթեքային վարկերի մատչելիության բարձրացման նոր մեխանիզմ: Այն իրագործվելու է պետական բյուջե վճարված եկամտային հարկի գումարներից՝ քաղաքացիներին՝ հիփոթեքային վարկերի սպասարկման տոկոսավճարների վերադարձման եղանակով: Նիստում գործադիր մարմինը սահմանել է հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների  չափով վարձու աշխատողների և անհատ ձեռնարկատերերի  կողմից վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը:
 
Որոշման համաձայն՝ փաստաթղթերի ընդունման և ուսումնասիրման գործառույթը վերապահվում է հարկային մարմիններին: Վարկառուն, նշված արտոնությունից օգտվելու համար, հարկային մարմին պետք է ներկայացնի համապատասխան փաստաթղթերը, իսկ հետագայում, յուրաքանչյուր եռամսյակ՝ միայն դիմում և տեղեկանք բանկից՝ նախորդ եռամսյակում վճարված տոկոսների գումարների մասին: Վերադարձվող գումարը կփոխանցվի շահառուի բանկային հաշվին: Այս կարգը կիրառվում է նաև համասեփականատեր հանդիսացող համավարկառուի վրա:
 
Կառավարության կողմից  սահմանված՝ կառուցված և կառուցվող բազմաբնակարան շենքերի վերաբերյալ հարկային մարմին տեղեկություններ տրամադրելու կարգի համաձայն՝ այդ շենքերի ռեեստրը վարողի իրավասությունը վերապահվում է ԼՂՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին: Նոր կարգով` անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և հարկային մարմնի միջև տեղեկություններ կփոխանակվեն բացառապես էլեկտրոնային եղանակով: Անդրադառնալով այս որոշումներին, վարչապետ Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ հիպոթեքային ծրագրից օգտվողների համար նոր գործիքի կիրառումը խթանելու է առաջնային շուկայի զարգացումը, մանավանդ, որ մայրաքաղաքում երկրորդային շուկայի բնակելի որոշ շենքեր վթարային վիճակում են և ենթակա են քանդման:
 
Կառավարությունն, ըստ գործունեության ոլորտների, հաստատել է  պարտադիր զննության ենթակա անձանց առողջական վիճակի նախնական և պարբերական բժշկական զննության կարգը և ծավալի ու հաճախականության ցանկը: Գործադիր մարմնի հավանությանն են արժանացել նաև անձնական սանիտարական (բժշկական) գրքույկի ձեռքբերման, անձին ժամանակավորապես աշխատանքի ներկայանալ չթույլատրելու մասին որոշման ձևերը և բժշկական զննության ենթակա անձանց անվանացանկը: Որոշման համաձայն՝  սննդամթերքի հետ անմիջականորեն շփվող՝ հանրային սննդի կազմակերպություններում,  սննդի առևտրի  օբյեկտներում  աշխատող անձանց, ինչպես նաև քոլեջների, ուսումնարանների աշխատակիցների առողջական վիճակի պարտադիր բժշկական զննության և  սանիտարական գրքույկի առկայության վերահսկողությունը վերապահվում է գյուղատնտեսության նախարարության կառավարման ոլորտում գործող Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը:
 
Գործադիրի մեկ այլ որոշմամբ՝ սահմանվել է գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացվող դիտարկման ընթացքում հսկիչ գնումների անցկացման, դրանց ֆինանսական աղբյուրների և ձեռքբերված ապրանքների տնօրինման կարգը՝ ծառայության կողմից իրականացվող դիտարկումներն ավելի լիարժեք և ամբողջական դարձնելու համար:
 
Բժշկասոցիալական փորձաքննության իրականացմանը վերաբերող երկու որոշումներում արված փոփոխություններով՝ կառավարությունը հստակեցրել է հաշմանդամություն ունեցող անձանց բժշկասոցիալական փորձաքննության գործընթացը: Մասնավորապես, պարզեցվել են բժշկասոցիալական փորձաքննական վարչական վարույթի կասեցման կարգը, փորձաքննության ժամանակ օգտագործվող չափանիշների կիրառումը և բացառվել սուբյեկտիվ մոտեցումները:
 
Գործադիր մարմինը փոփոխություններ է կատարել մի շարք նախկին որոշումներում՝ պայմանավորված Ստեփանակերտ քաղաքի և ԼՂՀ շրջանների՝ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային պետական մարմիններին վերապահված զբաղվածության ոլորտի գործառույթները 2015 թվականի հունվարի 1-ից աշխատանքի և զբաղվածության գործակալությանը վերապահելու անհրաժեշտությամբ:
 
Կառավարությունը մշակել է հանրապետության շտապ բժշկական օգնության ծառայության արդիականացման ռազմավարություն, որով նախատեսվում է բարելավել բնակչությանը ցուցաբերվող շտապ և անհետաձգելի բուժօգնության ծառայությունները, մատչելիությունն ու  որակը: Նիստում հաստատվել է նաև ռազմավարության միջոցառումների իրականացման ժամանակացույցը :
 
Գործադիրը հաստատել է Արցախի Հանրապետության  բարձրագույն  ուսումնական  հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տալու կարգը: Որոշմամբ սահմանվել են բարձր առաջադիմությամբ ու որոշ սոցիալական խմբերի ուսանողներին աջակցության նպատակով  բուհերի  կողմից իրականացվող՝ ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցման նվազագույն չափաքանակները՝ ըստ համապատասխան կարգավիճակների։ Կառավարությունը հաստատել է նաև ասպիրանտուրայի դիմորդների հետ կնքվող պայմանագրի օրինակելի ձևը :
 
Նիստում քննարկում է ծավալվել   միջշրջանային և ներշրջանային երթուղիների կանոնավոր ուղևորափոխադրումների գործող ու փաստացի ուղետոմսերի արժեքների տարբերության սուբսիդավորման կարգի մասին որոշման նախագծի շուրջ: Կառավարության ղեկավարը, դժգոհություն հայտնելով տրանսպորտի ոլորտում առկա վիճակից, անհրաժեշտ է համարել վերանայել բնագավառում տարվող քաղաքականությունը: Արայիկ Հարությունյանի առաջարկությամբ՝ հարցը հետաձգվել է՝ հետագայում այն քննարկելու և նոր առաջարկություններով կառավարության հաստատմանը ներկայացնելու պայմանով:
 
Նիստում հաստատվել են էլեկտրաէներգիայի, ջերմային էներգիայի, գազի և կապի անընդհատ մատակարարում պահանջող սպառողների ցանկերը:
 
Կառավարության որոշմամբ՝ հաստատվել է պետական բյուջեից մարզական հասարակական կազմակերպություններին ֆինանսական աջակցության ապահովման կարգը: Ըստ դրա՝ ֆինանսական միջոցներ կտրվեն Արցախում ավանդական դարձած, մասսայականություն վայելող  և օլիմպիական խաղերում, աշխարհի, Եվրոպայի և Հայաստանի Հանրապետության առաջնություններում, միջազգային մրցաշարերում բարձր արդյունքներ ցուցաբերած  ֆեդերացիաներին:
 
Գործադիրը հաստատել է Քաշաթաղի շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը, որում ընդգրկել է 335 հուշարձան: Մեկ այլ որոշմամբ՝ սահմանվել է զբոսաշրջային գործունեությամբ զբաղվող սուբյեկտների հաշվառման կարգը, որով բոլոր սուբյեկտների համար հաշվառում իրականացնելը դարձել է պարտադիր: Կարգով հստակեցվել է  զբոսաշրջային գործունեությամբ զբաղվողների  տարբերազատումը, ինչպես նաև՝ օրենքի կատարման վերաբերյալ վերահսկողության մեխանիզմները:
 
Կառավարությունը սահմանել է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների դրամական գնահատման կարգը: Գնահատումն իրականացվելու է հուշարձանի քաղաքաշինական, ճարտարապետական, մոնումենտալ արվեստի, հնագիտական առանձնահատկություններից, գտնվելու վայրից, տարածքից և այլ հատկանիշներից ելնելով:
 
Նիստում հավանության է արժանացել 2015թ. մարդահամարի ծրագիրը, որով առաջարկվում է հաստատել նաև մարդահամարի անցկացման համար նախատեսված հարցաթերթի նմուշը:
 
Կառավարության հավանությանն է արժանացել  ««ԼՂՀ վարչատարածքային բաժանման մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նշված փոփոխության մասին անհրաժեշտությունը ծագել է Շահումյանի շրջանի 16 համայնքների վարչական սահմանների ամրացման աշխատանքների իրականացման ընթացքում: Փոփոխության արդյունքում ԼՂՀ համայնքների վարչական սահմաններում ընդգրկվող պետական սեփականություն հանդիսացող հողերի  օտարման, անհատույց (մշտական) օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով  տրամադրման կարգ սահմանելու լիազորությունները կհաստատվեն օրենքով և կստանան իրավական ձևակերպումներ:
 
Ստեփանակերտի քաղաքապետարանի առաջարկով՝ գործադիրը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ: Փաթեթով առաջարկվում է, մասնավորապես, «Գույքահարկի մասին» ԼՂՀ օրենքում արտոնություն սահմանել փոստային կապի ազգային օպերատորի և սոցիալական ապահովության մարմիններից արտոնյալ պայմաններով ավտոմեքենաներ ստացած հաշմանդամների համար, օրենքով հարկային պարտավորությունների նկատմամբ կիրառվող  երեք տարվա վաղեմության ժամկետը չտարածել գույքահարկի և հողի հարկի մասով, ինչպես նաև՝ գույքահարկի և հողի հարկի հաշվետվությունների ներկայացման ու վճարումների կատարման ժամանակաշրջան սահմանել կիսամյակը՝ ներկայիս եռամսյակի փոխարեն: Վերջինս նախատեսված է նաև գործարար միջավայրի բարելավման ծրագրով:
 
Օրինագծերը կներկայացվեն Աժ-ի քննարկմանը:
 
 
 
ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play