Ոչ պետական բուհերի ուսանողներն օգտվում են բազմաթիվ ծրագրերից


Ոչ պետական բուհերի ուսանողներն օգտվում են բազմաթիվ ծրագրերից

  • 26-05-2015 19:22:50   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Մայիսի 26-ին Երևանի պետական կամերային թատրոնում «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» հասարակական կազմակերպությունը «Միասնության հաղթանակ» խորագրով միջբուհական փառատոնով նշեց հիմնադրման 7-ամյակը։ Ներկա էին ոչ պետական և օտարերկրյա բուհերի հայաստանյան մասնաճյուղերի ռեկտորներ, դասախոսներ, ուսանողներ։ 
«Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» ՀԿ նախագահ Արմինե Բարսեղյանն իր խոսքում ընդգծեց, որ ցանկալի է, որպեսզի ոչ պետական և օտարերկրյա բուհերի հայաստանյան մասնաճյուղերի ուսանողներին նույնպես տեսնեն այնպիսի ծրագրերում, ինչպիսին արվում են պետական բուհերում սովորողների համար՝ կրթաթոշակներ, ուսման վարձի փոխհատուցում և այլն։ Նա նաև նկատեց, որ այսօր իրենք պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ խոսում են ինչպես հավասարը հավասարի հետ թե′ կրթական ծրագրերի, թե′ գիտելիքների առումով, թե′ դասախոսական կազմի պատրաստվածությամբ։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, շնորհավորելով ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոնին 7-ամյակի առթիվ, նկատեց, որ 7 տարի առաջ ոչ մեկի մտքով չէր անցնի, որ ոչ պետական բուհերի ուսանողական կառույցները կարող են մրցել պետական բուհերի ուսանողական խորհուրդների հետ։ Որևէ մեկի մտքով չէր անցնի, որ ոչ պետական բուհերի ուսանողական կառույցները կարող են ֆինանսավորվել, մասնակցել տարբեր ծրագրերի, իրենք էլ առանձին ծրագրերով հանդես գան։ «Մենք ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ բազմիցս որոշակի համաձայնություններ ենք ձեռք բերել, որպեսզի ոչ պետական բուհերի ուսանողներն ավելի շատ մասնակցություն ունենան տարաբնույթ ծրագրերի»,- ասաց Կարեն Ավագյանը։ Նա ընդգծեց, որ պետական և ոչ պետական հասկացություններն այլևս հնացած են։ Այսօր ընթանում է հավատարմագրման գործընթաց, որին մասնակցում են ինչպես պետական, այնպես էլ ոչ պետական բուհերը։ Նա նաև շեշտեց, որ աշխատաշուկայում այսօր կարևորվում է մասնագետը և ոչ թե դիպլոմը։ 
Միջբուհական փառատոնի շրջանակներում ոչ պետական և օտարերկրյա բուհերի հայաստանյան մասնաճյուղերի ուսանողները ներկայացրին մշակութային ծրագիր, որը ուղեկցվում էր նորաձևության ցուցադրություններով։ 
Նշենք, որ փառատոնը կազմակերպել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» հասարակական կազմակերպությունը:
 
 
 
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի 
հասարակայնության հետ կապերի ծառայություն
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն