ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակության հանդիպումները Տոկիոյում


ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակության հանդիպումները Տոկիոյում

  • 26-05-2015 19:43:44   | Ճապոնիա  |  Մամլո հաղորդագրություն

 
Աշխատանքային այցով Տոկիոյում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը մայիսի 25-ին հանդիպում է ունեցել ՌՈՏՈԲՈ կազմակերպության Ռուսաստանի եւ նորանկախ պետությունների տնտեսագիտության ինստիտուտի գլխավոր տնօրենի տեղակալ Հիրոշի Տակահաշիի հետ: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի եւ Ճապոնիայի առեւտրատնտեսական հարաբերություններին, մասնավորապես երկկողմ առեւտրատնտեսական կոմիտեների ստեղծմանը, հայ եւ ճապոնացի գործարարների միջեւ կապերի ակտիվացմանը, ինչպես նաեւ համատեղ գործարար ֆորումների անցկացմանն առնչվող հարցեր:
Խորհրդարանական պատվիրակության հաջորդ հանդիպումը Ճապոնիայի Արտաքին գործերի խորհրդարանական փոխնախարար Տակաո Մակինոյի հետ է եղել: Զրուցակիցներն անդրադարձել են մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության խորացման հեռանկարներին՝ կարեւորելով այս տարվա հունվարից Երեւանում Ճապոնիայի դեսպանատան բացումը, ինչը նպաստում է համատեղ ջանքերով հաստատված բարեկամական կապերի առավել խորացմանը: Հանդիպման ավարտին Էդուարդ Շարմազանովը Տակաո Մակինոյին պարգեւատրել է ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալով` հայ-ճապոնական միջխորհրդարանական կապերի զարգացմանն աջակցելու համար:
Նույն օրը հայկական պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաեւ Ճապոնիայի Միջազգային համագործակցության գործակալության (JICA) փոխտնօրեն Կաե Յանագիսավայի հետ: Կողմերը քննարկել են Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանին տրամադրվող տեխնիկական աջակցության ծրագրերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացման հեռանկարներին վերաբերող հարցեր: Զրուցակիցները գոհունակություն են հայտնել վերջին տարիներին հայ-ճապոնական հարաբերությունների դինամիկ զարգացման կապակցությամբ` կարեւորելով ներկայում բնական աղետների կանխարգելման, էներգետիկայի եւ գյուղատնտեսության ոլորտներում արդյունավետ համագործակցությունը:
Հիշեցնենք, որ պատվիրակության կազմում են Հայաստան-Ճապոնիա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Սամվել Ֆարմանյանը եւ խմբի անդամ Ալեքսանդր Արզումանյանը: Խորհրդարանական պատվիրակությանն ուղեկցել է Ճապոնիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հրանտ Պողոսյանը: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play