Էջմիածնի խճուղում գտնվող գազալցակայանը ստուգվել էր 6 ամիս առաջ և տուգանվել 1 մլն դրամով


Էջմիածնի խճուղում գտնվող գազալցակայանը ստուգվել էր 6 ամիս առաջ և տուգանվել 1 մլն դրամով

  • 27-05-2015 13:39:29   | Հայաստան  |  Տնտեսություն





Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Մինչև նիստն սկսելը վարչապետը ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարից հետաքրքրվել է, թե վերջերս գազալցակայաններում տեղի ունեցած պայթյունների հետ կապված ինչ ուսումնասիրություն է արվել: Նախարար Արմեն Երիցյանը տեղեկացրել է, որ Էջմիածնի խճուղում գտնվող գազալցակայանը ստուգվել է 6 ամիս առաջ, տուգանվել 1 մլն դրամով, քանի որ եղել էին բազմաթիվ թերություններ, որոնք պետք է վերացվեին, սակայն չեն արվել: Երեկ հանձնարարվել է առավել ակտիվացնել գազալցակայանների հետ տարվող աշխատանքը: Թերություն հայտնաբերվելու դեպքում կզեկուցվի վարչապետին, եթե կարիք լինի՝ թերացող գազալցակայանների շահագործումը կդադարեցվի:
Կառավարության ղեկավարը հանձնարարել է խստացնել անվտանգության ռեժիմների վերահսկողությունը և մշտապես հետևել դրանց:
ՀՀ գյուղատնտեսության և ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարները վարչապետից հանձնարարություն են ստացել ուսումնասիրել, թե հակակարկտային քանի կայան է անհրաժեշտ գյուղատնտեսական տարածքները ամբողջությամբ պաշտպանելու համար: Գյուղատնտեսության նախարարին հանձնարարվել է նաեւ կառավարության հաջորդ նիստում տեղեկանք ներկայացնել կարկտահարության հետևանքների մասին:


Հստակեցվել է բնակելի տարածքների նվիրատվության կարգը


Գործադիրը փոփոխություն և լրացումներ է կատարել ավելի վաղ ընդունած «Պետական կառավարչական հիմնարկներին ամրացված բնակելի տարածքների նվիրատվության կարգը հաստատելու մասին» որոշման մեջ, ինչը թելադրված է բնակիչներին նվիրվող տարածքների նվիրատվության պայմանների հստակեցման, արդիականացման և փաստաթղթերի հավաստիության ապահովման անհրաժեշտությամբ: Նվիրատվության պայմանների փոփոխության և պարզեցման արդյունքում կլուծվեն քաղաքացիների առավել մեծ զանգվածի սոցիալական խնդիրները:
Կառավարությունը բյուջետային հատկացումների եռամսյակային վերաբաշխման եղանակով 60 մլն դրամով ավելացրել է «Արտասահմանյան պաշտոնական գործուղումներ» ծախսային ծրագրով նախատեսված առաջին կիսամյակի գումարը՝ անփոփոխ թողնելով նախատեսված հատկացումների տարեկան գումարը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը խնդիր է դրել հնարավորինս կրճատել գործուղումների թիվը: Խոսքն, իհարկե, չի վերաբերում հատկապես կարևոր այցերին, բայց եթե խնդիրը նվազ կարևոր է, պետք է մերժել գործուղման հայտը: Նման հանձնարարություն է տրվել նաև կառավարության աշխատակազմին:

Ըստ ՀՀ Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության մամլո հաղորդագրության,  կառավարության որոշմամբ «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» ծրագրով վերականգնված ոռոգման մայր ջրանցքները, պոմպակայանները, երրորդ կարգի ջրանցքները և Արարատյան դաշտի դրենաժային համակարգը համապատասխան ձևակերպումներով հանձնվելու են ըստ պատկանելիության՝ դրանց պատշաճ շահագործումն ապահովելու համար:

Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play