Տեղի է ունեցել ճանապարհային ոլորտը համակարգող միջգերատեսչական խորհրդի հերթական նիստը (Տեսանյութ)


Տեղի է ունեցել ճանապարհային ոլորտը համակարգող միջգերատեսչական խորհրդի հերթական նիստը (Տեսանյութ)

  • 27-05-2015 16:16:56   | Հայաստան  |  Տնտեսություն


ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում տեղի ունեցավ ճանապարհային ոլորտը համակարգող միջգերատեսչական խորհրդի հերթական նիստը, որին ներկա էին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների, ֆինանսների, արդարադատության, էկոնոմիկայի, քաղաքաշինության, բնապահպանության նախարարությունների, ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ:


Նիստը նախագահող ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը ողջունեց նիստի մասնակիցներին՝ նշելով, որ քննարկվող հարցերը կնպաստեն ոլորտում կատարվող աշխատանքների արդյունավետությանը:
 
Խորհրդակցական մարմնի քննարկմանը ներկայացված առաջին հարցը ՀՀ պետական նշանակության ավտոճանապարհային և տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման 2016-2018 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի (ՄԺԾԾ) նախագիծն էր:

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության ճանապարհային ոլորտի քաղաքականության վարչության պետ Քաջիկ Քաբաբյանն իր զեկույցում ներկայացրեց առաջիկա երեք տարիների համար նախատեսվող միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների, տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման ծրագրերի մանրամասն նկարագրությունը:


 
Այսպիսով՝ 2016-ին կվերականգնվեն շուրջ 49 կմ ավտոճանապարհներ, 2017-ի համար նախատեսված է շուրջ 26 կմ, իսկ 2018թ. կհիմնանորոգվեն 22 կմ ավտոճանապարհներ: Հիմնանորգումների համար անհրաժեշտ ֆինանսավորումները կտրամադրվեն ՀՀ պետական բյուջեից:

 

Նիստի ընթացքում զեկույցով հանդես եկավ «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի տնօրեն Էմիլ Սարգսյանը՝ ներկայացնելով Համաշխարհային բանկի «Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավում» նոր վարկային ծրագրով 2016-2019 թթ. ընթացքում կառուցման ենթակա շուրջ 155 կմ ճանապարհահատվածների նախագծման, տեխնիկական հսկողության, հիմնանորոգման և սպասարկման աշխատանքները:

 

Զեկույցի երկրորդ մասը վերաբերում էր Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման 92 կմ միջպետական ավտոճանապարհի վերականգնման աշխատանքներին:

 

Եվրոպական ներդրումային բանկի կողմից տրամադրված դրամաշնորհի շրջանակներում իտալական «Լոտտի Ինժեներիա» կազմակերպությունը անցյալ տարվա մարտից իրականացնում է այդ ճանապարհի տեխնիկատնտեսական հիմնավորման, բնապահպանական ազդեցության գնահատման, ինչպես նաև նախագծանախահաշվարկային փաստաթղթերի կազմման աշխատանքները, որոնք արդեն մոտենում են ավարտին: Ծրագիրը համաֆինանսավորելու պատրաստակամություն է հայտնել Ասիական զարգացման բանկը: ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված բանակցային խումբը ֆինանսավորման նպատակով այս պահին քննարկումներ է տանում Եվրոպական ներդրումային բանկի և Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչների հետ:


 
Գագիկ Բեգլարյանն անդրադառնալով Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհահատվածին նշեց, որ մամուլում անընդհատ հիշատակվող այս ճանապարհի այսօրվա վիճակը նախարարության կողմից աչքաթող չի արվել, այնտեղ իրականցվում  են փոսալցման աշխատանքներ և նպատակահարմար չէ թեկուզ հատվածական  հիմնանորոգումը, քանի որ հաջորդ տարվա գարնանը կսկսվի ճանապարհի ամբողջական հիմնանորոգումը:  Նախարարը խոսեց նաև Գյումրի-Բավրա ճանապարհահատվածի մասին և նշեց, որ այն ընդգրկված է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրում, և հաջորդ տարի այդ ճանապարհահատվածում կմեկնարկեն կառուցման աշխատանքները.

«2016-ի ընթացքում մենք կիրականացնենք այս 2 մեծ, խոշոր նախագծերը, որը իրականում մի քանի անգամ կբարելավի ճանապարհների որակը»:
 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության պետ Վանյա Աթյանը ներկայացրեց ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների պահպանման 2015-2025 թթ. ֆինանսավորման ռազմավարության նախագիծը:

 

Ըստ այդմ՝ նախատեսվում է 10 տարիների ընթացքում տարեկան իրականացնել միջինը 140 կմ ճանապարհների կապիտալ հիմնանորոգման աշխատանքներ: Նշված ռազմավարության իրականացումը հնարավորություն կտա միջպետական և հանրապետական ճանապարհների անհարթության միջազգային ցուցանիշների (ԱՄՑ) ապահովումը:

 

Նիստի ավարտին քննարկվեցին նաև ճանապարհային ոլորտի արդյունավետ կառավարմանը և համակարգմանը վերաբերող այլ հարցեր:

Մանրամասները՝ տեսանյութում...
Նոյյան տապան  -   Տնտեսություն