«Հայոց պետությունը ձեռք բերվեց մեր ազգի արիության շնորհիվ».Մանվել Գրիգորյան


«Հայոց պետությունը ձեռք բերվեց մեր ազգի արիության շնորհիվ».Մանվել Գրիգորյան

  • 27-05-2015 16:19:23   | Հայաստան  |  Հասարակություն

ԵԿՄ վարչության նախագահ Մ.Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել ողջ հայությանը՝ Հանրապետության տոնի կապակցությամբ.
Ուղերձում ասված է.
 
 
«Երկրապա՛հ հայ ժողովուրդ.
Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահ կամավորականների, 5-րդ բրիգադի մարտիկների, երիտասարդ ու պատանի երկրապահ կամավորականների և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Հանրապետության տոնի կապակցությամբ:
20-րդ դարը հայ ժողովրդի համար նշանավորվեց անկախության հռչակմամբ, որը շնորհ չէր, ինչպես ոմանք կամենում են ներկայացնել: Հայոց պետությունը ձեռք բերվեց ծանր մաքառումների, զրկանքների և հազարապատիկ անգամ բազմամարդ ու մինչեւ ատամները զինված նենգ ոսոխի նկատմամբ վճռական պատերազմի, մեր ազգի արիության շնորհիվ :
Հայ ժողովուրդն իր մեջ ուժ գտավ, իր միասնությամբ և երկրապահ, մարտնչող զավակների արյան գնով 1915թ. ցեղասպանությունից հետո 1918թ-ին կերտելու Սարդարապատի, Բաշ-Ապարանի ու Ղարաքիլիսայի հերոսամարտերը, որոնք որոշիչ դարձան երկրի ու ժողովրդի համար և ազդարարեցին Հայոց պետականության վերականգնման մասին:
1918թ. մայիսյան դասերը գալիս են Ավարայրից, անցնում Հայոց պատմության քառուղիներով և հասնում Արցախյան գոյամարտին: 1918թ. անկախության խորհուրդը 1991թ. սեպտեմբերի 21-ի մեջ է,  մեր նորօրյա հաղթանակների ու նվաճումների մեջ է: Եղեռնից հետո Սարդարապատ երկնած ժողովուրդն անպայման պիտի պատմական ներդրում ունենար Հայրենական մեծ պատերազմում  խորհրդային ժողովրդի տարած հաղթանակի մեջ, ձգտեր անկախության և իր պատմական տարածքների ազատագրումն ունենար, ունենար պետության ու եկեղեցու կողմից ճանաչված  Երկրապահի օր, Երկրապահ կամավորականին պետականորեն ճանաչեր որպես արժեհամակարգ, ունենար Շուշիի ազատագրում և ազատ, անկախ Արցախ: Փա՛ռք աստծո, այսօր ունենք կայացած, հզոր Հայաստան, ունենք ամուր պաշտպանված Արցախ եւ մեր մարտական ընկեր, երկրապահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ կարողանում ենք երաշխավորել մեր ինքնիշխանությունը, տարածքների ամբողջականությունն ու երկրի անվտանգությունը: 1918-ի մայիսյան հերոսամարտերին մասնակցել են մեր պապերը, մեր նախնիները, և մենք պարտավոր ենք տեր կանգնել նրանց ժառանգությանը: Անձամբ ես էլ Սարդարապատի հերոսամարտի մասնակից հարազատ եմ ունեցել և պարտքս եմ համարել նրա գործն Արցախում շարունակելը:
Հայ ժողովուրդը մշտապես մարտնչել է` որպես զենք ու դրոշ ունենալով հավատը: Հայոց հոգեւոր հայրերը, Ավարայրից սկսած, առաջնորդել են հայ ժողովրդին ե՛ւ խաղաղության մեջ, ե՛ւ պատերազմի դաշտում: Սարդարապատի հերոսամարտն սկսվեց Ամենայն հայոց կաթողիկոս Գեւորգ Ե Սուրենյանցի վճռական պահվածքով, երբ նա հայտարարեց, որ սուր կվերցնի եւ կզոհվի Մայր տաճարի գավթում, բայց չի լքի մայր աթոռը:
Այսօր Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն շարունակում է հայոց վեհափառների գործը` տեր կանգնելով հայոց պատմությանն ու հայ կամավորականության, հայոց բանակի ու երկրապահի նվաճումներին:
Մեր սրբազան պարտքն է ամուր պետականությամբ, միասնականորեն Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի տարում աշխարհին լսելի դարձնել պահանջատիրական մեր ձայնը: 
Փառք տալով մեր հերոսածին մայրերին` գլուխ խոնարհենք բոլոր ժամանակներում անկախությանն ու ազատությանն իրենց կյանքը նվիրած մեր բազում նահատակների հիշատակի առաջ:
Շարժվենք Սպարապետ Վազգեն Սարգսյանի «Միասնությունը սարեր շուռ կտա» կարգախոսով: Երդվենք արժանավայել պահել ու սերունդներին փոխանցել մեր պատմության փայլուն էջերի խորհուրդները: Միասնությամբ տեր կանգնենք մեր ժողովրդի պատմությանն ու նվաճումներին, ապրենք եղածը պահպանելու և եկող սերունդներին` երիտասարդ ու պատանի երկրապահ կամավորականներին փոխանցելու վճռականությամբ:
Շնորհավորում են համայն հայությանը: Շնորհավորում եմ Անկախության ու Սարդարապատի  խորհուրդն ընկալող յուրաքանչյուր հային և մաղթում միասնություն, քանզի մեր բոլոր նվաճումները մեր միասնության ու կայունության արդյունքն են:
 
ԵԿՄ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ,
ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ,
ԳԵՆԵՐԱԼ – ԼԵՅՏԵՆԱՏ`    Մ.Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ»։  
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն