Արտակարգ դեպք Երևանում. Ամուսինները սպառնում են ինքնասպանության դիմել


Արտակարգ դեպք Երևանում. Ամուսինները սպառնում են ինքնասպանության դիմել

  • 27-05-2015 16:39:07   | Հայաստան  |  Հասարակություն
 
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ոսկու շուկայի հարևանությամբ գտնվող Մովսես Խորենացի փողոցի թիվ 25 շենքի տանիք են բարձրացել ամուսիններ Եղիշե Գևորգյանը և Ռուզաննա Մարդանյանը, ովքեր սպառնում են ինքնասպանության դիմել՝ ցած նետվելով 11 հարկանի շենքից: 
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր են ժամանել ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող թիվ 18 ջոկատը և թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատը, ինչպես նաև Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Տեղում է նաև շտապ օգնության 1-03 բրիգադը:
 
Ժամանել է նաև ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ Կենտրոնի ոստիկանապետ Արտակ Պողոսյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու փրկարարներն այս պահին բանակցությունների միջոցով ամուսիններին հորդորում են չդիմել այդ ծայրահեղ քայլին:
 
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ ամուսիններն ամիսներ առաջ մամուլի ուշադրության կենտրոնում էին հայտնվել, երբ 2010 թվականին իրենց 3 անչափահաս՝ 7,6 և 3 տարեկան երեխաների հետ կամովին հատել էին հայ-ադրբեջանական սահմանը և հայտնվել Նախիջևանի տարածքում, իսկ Հայաստան նրանց ընտանիքը վերադարձել էր 2014 թվականի դեկտեմբերի 12-ին՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ: 
 
 
Մանրամասները՝ քիչ ուշ:
Նոյյան տապան  -   Հասարակություն