Փորձում են խոչընդոտել էլեկտրաէներգիայի սակագնի դեմ պայքարող քաղաքացիների բողոքի երթը


Փորձում են խոչընդոտել էլեկտրաէներգիայի սակագնի դեմ պայքարող քաղաքացիների բողոքի երթը

  • 27-05-2015 17:29:05   | Հայաստան  |  Հասարակություն
IMG_2594

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ստեղծված նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ էլեկտրաէներգիայի սակագնի դեմ պայքարող քաղաքացիների բողոքի երթը փորձում են խոչընդոտել:

Մասնավորապես, Օպերայի ղեկավարությունը հրաժարվում է հոսանք տրամադրել նախաձեռնության կազմակերպած հավաք-երթի անցկացման համար:

Նախաձեռնության հեղինակներից մեկը Ֆեյսբուքում գրում է.

«Քաղաքապետարանը խաղեր ա տալիս, Տարոն Մարգարյան, սիրուն չի, նախ հրաժարվում եք հոսանք տրամադրելուց, հետո հրաժարվում եք աղբը մաքրելուց: Հիմա ինչ, Ազատության հրապարակը սենց խոզանոց թողելու եք, հանուն նրա, որ խոչընդոտեք երթի՞ն:
Քաղաքապետարանին դիմելուց հետո մեզ ասում են, որ չեն երաշխավորում, որ կմաքրեն աղբը, իսկ էն հարցին, թե արտոնված հավաք է, և մեզ հոսանք է պետք, ցինիկավարի պատասխանում են՝ կարող ա պլակատ էլ չունեք, տա՞նք»:

Նախաձեռնության հեղինակները հիշեցնում են նաեւ, որ երթը իրազեկված է և արտոնված: Եվ չնայած խոչընդոտներին, այն կայանալու է:

Հավելենք, որ ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման այսօր բողոքի գործողություններ են նախատեսվում ոչ միայն Երեւանում, այլեւ Հանրապետության տարբեր քաղաքներում:

Ինչպես փոխանցում է ilur.am-ն, այսօր Ապարանում եւս տեղի է ունեցել բողոքի երթ ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման: Եվ մինչ երթի մեկնարկն ակցիայի մասնակիցներին տարածքն աղտոտելու պատրվակով բերման են ենթարկել ոստիկանություն:

Իսկ երեկ հայտարարություն էր տարածել ՀԽ-ն, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ հանրահավաք-երթի մասին իրազեկող իրենց երիտասարդ համակիրներին են նաեւ բերման ենթարկել ոստիկանություն:

Հավելենք, որ Շիրակի մարզում առայժմ վիճակը հանգիստ է, նման միջադեպեր առայժմ չեն գրանցվել: Բողոքի երթը Մարալիկում կայացել է, որի ժամանակ մարալիկցիները գրավոր նամակ են հանձնել Մարալիկի քաղաքապետին, իսկ Գյումրիում երթը նախատեսված է այսօր՝ ժամը 17:00-ին:

Ավելի ուշ, ֆեյսբուքյան խմբում նախաձեռնող խմբի անդամները գրել են՝ քաղաքապետարանից խոստացել են, որ հոսանք կտրամադրեն ակցիայի մասնակիցներին:

galatv.am

Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play