Զոհված զինծառայողների հարազատները դարձյալ Սերժ Սարգսյանի հետ հանդիպում են պահանջել


Զոհված զինծառայողների հարազատները դարձյալ Սերժ Սարգսյանի հետ հանդիպում են պահանջել

  • 27-05-2015 16:00:26   | Հայաստան  |  Հասարակություն

Բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների հարազատներն այսօր հերթական անգամ հավաքվել էին Բաղրամյան 26-ի դիմաց՝ պահանջով՝ կազմակերպել հանդիպում Սերժ Սարգսյանի հետ: Զոհված զինծառայողների հարազատների բողոքի ակցիային այս անգամ էլ միացել են տարբեր քաղաքացիներ, ովքեր իրենց վրդովմունքն էին արտահայտում երկու շաբաթ առաջ Բաղրամյան 26-ի դիմաց տեղի ունեցած միջադեպի առթիվ:

Հիշեցնենք, բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների ծնողները մայիսի 13-ին նախագահական նստավայր էին գնացել դեռ 7 ամիս առաջ Սերժ Սարգսյանին ուղղված իրենց դիմումի պատասխանը ստանալու համար, սակայն հանդիպել էին ոստիկանների դիմադրությանը, ովքեր կանանց բռնի ուժով մի մայթից մյուսն էին տեղափոխել: «Երեկ թուղթ ենք ստացել, տեղեկացնում են, որ Քրեական օրենսգրքի 309 հոդվածի 2-րդ մասով քրգործ է հարուցվել մայիսի 13-ին նախագահականի դիմաց միջադեպի մասով»,- ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում նշեցին Բաղրամյան 26-ի դիմաց ակցիա իրականացնող սևազգեստ մայրերը՝ հավելելով, որ որոշման մեջ նշված է, որ գործում ներգրավված են երեք ոստիկան, բայց անուններ չեն նշվում:

Բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայող Վալերիկ Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը, ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց, որ այդ օրը նախագահականի մոտ ոստիկաններն իրենց քաշքշել են, նաև մարմնական վնասվածքներ հասցրել: «Մենք դիմել էինք ոստիկանություն, դատաբժշկական փորձաքննություն անցել: Հետքերը մինչև հիմա էլ կան: Խաղաղ ակցիա է եղել, նույնիսկ ճաղերին չէինք հասել, սկսեցին քաշքշել: Ինչո՞ւ: Ո՞վ է ասել, որ նախագահականի ճաղերին մոտենալ չի կարելի. այդպիսի օրենք չկա: Կարող է սուրբ դուռ է, չենք հասկանում: Մեզ միշտ, մի Աիդա կա, իրա մոտ են ուղարկում, չենք հասկանում՝ Սերժ Սարգսյանը չի՞ ցանկանում մեր հարցով զբաղվել, ինչ-որ այդ Աիդա է ռուլիտ անո՞ւմ»,- նշեց Նանա Մուրադյանը:

Ակցիայի մասնակիցները պահանջում էին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից կարգի հրավիրել ոստիկանական համակարգի այն աշխատակիցներին, որոնց գործողությունները եղել են ոչ իրավաչափ:

«Դեմքերով գիտենք՝ ովքեր են եղել: Կան ոստիկաններ, որոնք հոյակապ մարդիկ են, կան ոստիկաններ, որոնք աբիժնիկ, հրեշ են»,- նշեցին նրանք: Բողոքի ակցիա իրականացնողները հայտարարեցին, որ իրենց որդիները ոչ թե ինքնասպանություն են գործել, այլ նրանց սպանել են, իսկ հանցագործները մինչև հիմա ազատության մեջ են:

«Սպանել են էրեխիս ու անունը դրել ինքնասպանություն: Ես չեմ կարում խոսամ, տանջվում եմ, ես էլ եմ մեռած»,- նշեց խաղաղ պայմաններում մահացած զինծառայող Արման Մուրադյանի մայրը՝ Հերիքնազ Գասպարյանը:

Հիշեցնենք, որ 2013 թվականի հուլիսի 30-ին 20 ամսվա զինծառայող Արման Մուրադյանի ծնողները կորցրին իրենց որդուն: Մահվանից 5 օր առաջ Արմանը խոսել էր ծնողների հետ, ասել՝ մամ ջան, բան չմնաց, 4 ամսից գալիս եմ: «Ավելի շուտ եկավ ու եկավ մեռած: Իմ առողջ ու ուրախ տղեն ինչի՞ պետք ա ինքնասպան լիներ, ինքը ոչ մի պատճառ չուներ»,- ասաց Հերիքնազ Գասպարյանը:

Բողոքի ակցիայի մասնակիցները նաև նշեցին, որ չնայած իրենց թույլ չեն տալիս հավաքվել Բաղրամյան 26-ի մոտ, բայց դա չի խանգարում, որ իրենք յուրաքանչյուր չորեքշաբթի իրականացնեն իրենց բողոքի ակցիաները:

Հավելենք, որ Բաղրամյան 26-ի տարածքը հերթական անգամ հսկվում էր մեծ թվով ոստիկանների կողմից, իսկ որդիներ կորցրած մայրերին այս անգամ էլ Բաղրամյան 26-ից լսողներ չեղան:

11231951_1043094972387341_1761086306_o11269100_1043094962387342_1095425270_o11270774_1043094949054010_999490161_o11294528_1043094955720676_1671614691_o11297376_1043094959054009_306392258_o11303954_1043094969054008_179805274_o11347613_1043094929054012_909801787_o11354658_1043094945720677_341394471_oՓայլակ Ֆահրադյան

 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն