Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ


Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

  • 28-05-2015 13:26:10   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու ջերմ շնորհավորանքներն ենք բերում համայն մեր ժողովրդին Հանրապետության օրվա առիթով:
Մեծ Եղեռնին հաջորդած դժվարին օրերին մեր հայրենիքի մի մասում քաջարի մեր ժողովուրդը կենաց ու մահու գոյամարտ մղեց և թանկ զոհողություններով Մայիսյան հաղթական հերոսամարտերը պսակեց Հայաստանի Հանրապետության հիմնադրմամբ: Հայրենի պետականության վերականգնումով մարմնացավ մեր նախնիների դարավոր երազանքը, հույսով լցվեց մեր ժողովրդի հոգին և նոր շունչ առավ ազգային կյանքը: 
Մայիսի 28-ի խորհուրդով այսօր նորոգենք Հայրենիքի հանդեպ մեր հավատարմության ուխտը, մեր ձեռաց ազնիվ գործերով, միմյանց նկատմամբ սիրով ու հոգատարությամբ հաղթահարենք բոլոր դժվարությունները՝ Տիրոջ առաջնորդությամբ շենացնելով մեր անկախ Հանրապետությունը:
Մեր հայցն է առ Երկնավոր Տերը, որ Իր Սուրբ Աջի հովանու ներքո խաղաղ պահի մեր Հայրենիքը և օրհնի մեր ժողովրդի ջանքերը` հանուն հայրենի մեր երկրի զորացման  ու աշխարհասփյուռ մեր զավակների բարօր ու երջանիկ կյանքի:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն