Հայաստանում 2011թ.-ի սեպտեմբերից կներդրվի կենսաչափական տվյալներով անձնագրերի համակարգը<br />


Հայաստանում 2011թ.-ի սեպտեմբերից կներդրվի կենսաչափական տվյալներով անձնագրերի համակարգը

  • 17-12-2010 15:44:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում 2011թ.-ի սեպտեմբերից կներդրվի ներքին օգտագործման համար նույնականացման քարտ եւ արտերկիր մեկնելու համար` կենսաչափական տվյալներով անձնագրերի համակարգը: Այս մասին «Հենարան» ակումբում լրագրողների հետ դեկտեմբերի 17-ի հանդիպմանը հայտնեց ՀՀ ոստիկանության Անձնագրային եւ վիզաների վարչության պետ Նորայր Մուրադխանյանը: Նա պարզաբանեց, որ հին նմուշի անձնագրերը նոր նմուշի անձնագրերով փոխելու որեւէ ժամկետ, ուստի նաեւ պարտադրանք չկա. քաղաքացիները կարող են մինչեւ իրենց անձնագրի գործածության ժամկետի ավարտը օգտագործել իրենց հին անձնագրերը, անգամ նոր անձնագրի անհրաժեշտության դեպքում կարող են ձեռք բերել նորից հին նմուշի անձնագիր: Նույն կարգը գործում է նաեւ երկքաղաքացիություն ընդունած քաղաքացիների համար: Ն.Մուրադխանյանը հայտնեց նաեւ, որ նոր նմուշի անձնագիր ստանալու համար գումարի չափը պարզ կդառնա դրանց տպագրության համար հայտարարված մրցույթի ավարտին: Մրցույթին հայտ են ներկայացրել 8 միջազգային կազմակերպություններ Ֆրանսիայից, Գերմանիայից, Լեհաստանից, Ռուսաստանից, Սլովենիայից: Հաղթողի մասին կհայտարարվի 2011թ.-ի հունվարի առաջին աշխատանքային օրը: Նույնականացման քարտ ստանալու համար պետտուրքը 1000 դրամ է: Ի տարբերություն կենսաչափական տվյալներով անձնագրի, նույնականացման քարտը պարտադիր է բոլոր 16 տարին լրացած քաղաքացիների համար: Այն պարունակում է անկետային տվյալներ, լուսանկար: Ի տարբերություն կենսաչափական տվյալներով անձնագրի, որտեղ լինելու են քաղաքացու մատնահետքերը, նույնականացման քարտում լինելու է փաստաթղթի տիրոջ էլեկտրոնային ստորագրությունը: Նոր նմուշի անձնագրերը տրվելու են 5, իսկ նույնականացման քարտերը 10 տարի ժամկետով: Ն.Մուրադյանն ընդգծեց, որ նոր նմուշի անձնագրերի համակարգի ներդրմամբ բարձրացվում է անձնագրերի պաշտպանվածությունը եւ հեշտացվում քաղաքացիների նույնականացումը սահմանային կետերում:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play