Շարունակվում է վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Չեխիայի Հանրապետություն


Շարունակվում է վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Չեխիայի Հանրապետություն

  • 03-06-2015 11:37:57   | Չեխիա  |  Տնտեսություն

 





Շարունակվում է վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Չեխիայի Հանրապետություն: Այցի շրջանակում Պրահայում հունիսի 2-ին Հայաստանի և Չեխիայի վարչապետների մասնակցությամբ տեղի է ունեցել հայ-չեխական գործարար համաժողովի բացումը:
Բացմանը ելույթով հանդես է եկել Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը: ՀՀ կառավարության և անձամբ իր անունից ողջունելով գործարար համաժողովի բոլոր մասնակիցներին և կազմակերպիչներին՝ Հովիկ Աբրահամյանը նշել է. «Քիչ առաջ իմ գործընկեր պարոն Սոբոտկայի հետ քննարկում էինք հայ-չեխական երկկողմ հարաբերությունների զարգացման դինամիկան, և երկուսս էլ համաձայնեցինք, որ մեր հարաբերությունների պատմության մեջ վերջին երկու տարիները եղել են առանձնահատուկ ակտիվության տարիներ, և որ նման դրական դինամիկայի պահպանման համար միայն քաղաքական կամքի առկայությունը բավարար չէ, այլ շատ բան գտնվում է նաև մասնավոր սեկտորի ձեռքում:
Այսօրվա գործարար համաժողովը կարևոր է ինչպես մեր երկրների բարեկամական հարաբերությունների և տնտեսական համագործակցության հետագա ընդլայնման, այնպես էլ մեր գործարարների համար նոր հնարավորություններ և շուկաներ բացահայտելու տեսանկյունից: Ուրախությամբ պետք է նշեմ, որ վերջին մեկ ու կես տարվա ընթացքում սա արդեն երրորդ գործարար համաժողովն է, ինչը, անշուշտ, վկայում է երկուստեք առկա հետաքրքրվածության մասին:
ՀՀ տնտեսական զարգացման համար կարևորագույն նախապայմաններից է գործարար և ներդրումային միջավայրի բարելավումը: Այս կապակցությամբ կուզեի ընդգծել գործարարությամբ զբաղվելու միջազգային վարկանիշներում Հայաստանի առաջատար դիրքն ԱՊՀ երկրների շարքում: Հայաստանն այսօր գրավիչ երկիր է գործարար միջավայրի տեսանկյունից. մենք իրականացնում ենք «բաց դռների» քաղաքականություն` չկիրառելով գրեթե որևէ սահմանափակում ներդրումային գործունեության նկատմամբ, ամբողջությամբ պաշտպանելով և երաշխավորելով ներդրումներն օրենքով: Այսօր մենք ստեղծել ենք արտահանման ներուժ ունեցող ոլորտներում ներդրումները խթանելու գործուն համակարգ: Հայաստանն ազատ առևտրի համաձայնագրեր ունի ԱՊՀ գրեթե բոլոր երկրների հետ, իսկ 2015 թվականի հունվարից անդամակցելով նաև Եվրասիական տնտեսական միությանը՝ Հայաստանն անարգել մուտք ունի 170 միլիոնանոց միասնական շուկա: Միևնույն ժամանակ, մենք օգտվում ենք երրորդ երկրներից 750 ապրանքատեսակի համար ներմուծման արտոնյալ և ԵՏՄ երկրներից հումքի անմաքս ներմուծման իրավունքներից:
Հայաստանը ներկայում օգտվում է նաև ԱՄՆ-ի, Կանադայի, Շվեյցարիայի, Ճապոնիայի և Նորվեգիայի «Արտոնությունների ընդհանրացված համակարգերից» (GSP) և ընդգրկված է ԵՄ կողմից տրամադրվող «Արտոնությունների ընդհանրացված համալրված համակարգ» (GSP+) առևտրային ռեժիմից օգտվող երկրների ցանկում, ինչը լուրջ խթան է հայկական արտադրողների համար: Միաժամանակ, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի ինտեգրումը նոր հեռանկարներ է ստեղծում նաև եվրոպական գործարարների համար, որոնք, օգտագործելով Հայաստանի հնարավորությունները, կարող են ավելի դյուրացված կարգով դուրս գալ միլիոնավոր սպառում ունեցող եվրասիական շուկա և օգտվել հումքային բազայից:
Վստահեցնում եմ ձեզ, որ յուրաքանչյուր ներդրումային ծրագրին պատրաստ ենք ցուցաբերել առանձնահատուկ` «ներդրողների կարիքների վրա հիմնված» մոտեցում: Ես սիրով հրավիրում եմ չեխ գործարարներին և չեխական ընկերություններին գործարարությամբ զբաղվելու Հայաստանում: Մենք հրավիրում ենք չեխական ընկերություններին ներդրումներ կատարելու Հայաստանում, մասնավորապես վերականգնվող էներգետիկայի, սննդի վերամշակման, զբոսաշրջության, ագրոբիզնեսի ոլորտներում: 
Վերջին տարիներին Հայաստանն արձանագրել է զգալի առաջընթաց տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման բնագավառում և ունի բոլոր անհրաժեշտ նախադրյալները և ներուժը՝ դառնալու տարածաշրջանային կենտրոն և կարևոր դերակատար: Համագործակցության նոր հարթակ կարող են դառնալ Հայաստանում ստեղծված ազատ տնտեսական գոտիները: ՀՀ կառավարությունը մեծապես կարևորում է Հայաստանում ինովացիոն էկոհամակարգի ձևավորումը և իրականացնում է հետևողական աշխատանքներ ինովացիոն ոլորտում միջազգային համագործակցության ակտիվացմանը, նորաստեղծ տեխնոլոգիական նորարարական ընկերություններին օժանդակելուն, անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացմանը: 
Հեռահար գործարար կապեր ստեղծելու, փոխշահավետ ծրագրեր իրականացնելու և երկարաժամկետ ներդրումներ կատարելու տեսանկյունից չափազանց կարևոր է վստահելի գործընկերային հարաբերությունների առկայությունը: Համոզված եմ` այս տեսանկյունից Հայաստանը կարող է դառնալ հեռանկարային գործընկեր Չեխիայի համար: Վստահ եմ, որ այսօրվա մեր հանդիպումը մեծապես կնպաստի մեր երկրների բարեկամական հարաբերությունների և տնտեսական համագործակցության հետագա ընդլայնմանը, չեխ գործարարների համար Հայաստանը որպես հնարավորությունների երկիր բացահայտելուն:
Ամփոփելով ելույթս՝ ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում հյուրընկալության և ջերմ ընդունելության համար, համաժողովի բոլոր մասնակիցներին մաղթում եմ բեղմնավոր աշխատանք և նոր նշանակալի ձեռքբերումներ՝ ի շահ մեր ժողովուրդների և պետությունների»:

Հաջորդիվ համաժողովի մասնակիցներին ուղղված ողջույնի ելույթ է ունեցել նաև Չեխիայի Հանրապետության վարչապետ Բոհուսլավ Սոբոտկան:
Ըստ ՀՀ Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության մամլո հաղորդագրության, հայ-չեխական գործարար համաժողովին Հայաստանից մասնակցում էր 50-ից ավելի, իսկ Չեխիայից՝ շուրջ 100 գործարար:

 
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play