Գյումրիում եւ Արցախում բացված տեխնոլոգիական կենտրոնները փոխում են մտածելակերպ եւ կյանքի որակ. Բագրատ Ենգիբարյան


Գյումրիում եւ Արցախում բացված տեխնոլոգիական կենտրոնները փոխում են մտածելակերպ եւ կյանքի որակ. Բագրատ Ենգիբարյան

  • 05-06-2015 19:16:22   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնն իր գործունեության գրեթե մեկ տարվա ընաթցքում գրանցել է լուրջ հաջողություններ, որոնցից առաջնայինը «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի  (ՁԻՀ) տնօրեն Բագրատ Ենգիբարյանի գնահատմամբ, բարձր տեխնոլոգիաների ոլորտի 800 մասնագետի պատրաստումն է, ինչպես նաեւ կենտրոնի տարածքի  ամբողջական զբաղեցումը ինչպես տեղի նորաստեղծ, այնպես էլ Երևանից և արտերկրից Գյումրի տեղափոխված հեղինակավոր կազմակերպությունների կողմից:   «Մեզ հաջողվել է Գյումրիում փոխել մտածելակերպ և կյանքի որակ, ստեղծել համապատասխան միջավայր նոր գաղափարներով հանդես գալու և տեղի մասնագետների միջոցով դրանք կյանքի կոչելու համար»,- «Նոյյան Տապանի» թղթակցի հետ զրույցում նշեց Բ. Ենգիբարյանը: 
 
Այսպիսով,  նրա խոսքերով, իրենց  նպատակը՝ Հայաստանում ստեղծել նպաստավոր միջավայր նորարարության, տեխնոլոգիական ձեռներեցության զարգացման, տեխնոլոգիաների կատարելագործման, ընկերությունների ընդլայնման և արտասահմանյան ներդրումների ներգրավման համար, հաջողվել է: Գյումրեցի մասնագետները, ըստ նրա, այլևս չեն ձգտում մեկնել Երևան կամ Հայաստանից դուրս աշխատանք գտնելու համար, ավելին` փորձում են տեղում հիմնել սեփական բիզնեսը: 
Բ. Ենգիբարյանը տեղեկացրեց նաեւ, որ Գյումրիում որոշակի մտածելակերպ ձևավորելու նպատակով տեղի տեխնոլոգիական կենտրոնը սկսել է աշխատել նաև դպրոցականների հետ, որպեսզի վերջիններս մեծանալով` հստակ իմանան, թե որ ոլորտում են ուզում մասնագիտանալ:
Պատասխանելով հարցին, թե որքանով են մրցունակ Հայաստանում պատրաստված մասնագետներն արտերկրում, Բ. Ենգիբարյանը հիշատակեց Գյումրիում  նոր բացված D-Link թայվանական ընկերությունը, որտեղ արդեն աշխատաում են 15 գյումրեցի մասնագետներ և 50-ի պահանջ դեռ կա: 
«Շատ կարևոր է հասկանալ, թե ինչպես կարելի է այս ամենը տանել տնտեսության այլ ոլորտներ, որովհետև այս տեխնոլոգիաները շատ մեծ արժեք ենք ստեղծում, իսկ թիմերն աշխատում են հավելյալ արժեքով, հետևաբար պետք է կարողանանք այդ հավելյալ արժեքն ուղղել գյուղատնտեսություն, արդյունաբերություն»,- ասաց Բ. Ենգիաբարյանը, համարելով, որ Հայաստանի տնտեսության հիմնական շարժիչ ուժը IT և տեխնոլոգիական ոլորտում ունեցած հաջողություններն են լինելու, ուստի առավելագույնս պետք է կարողանալ օգտագործել  մարդկային ռեսուրսը և տեխնոլոգիական ձեռներեցության զարգացման հանարավորությունները: 
Գյումրիի հաջողված օրինակով ՁԻՀ-ը նախատեսում է տեխնոլոգիական կենտրոն բացել նաև Վանաձորում. այժմ ընթանում են  վերանորոգման աշխատանքները, որոնք ավարտվելու են 2016 թվականի հունիսին: 
Բ. Ենգիբարյանի տեղեկացմամբ` Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի ստեղծումը ընթանալու է երկու փուլով՝ նախ կառուցվելու է տեխնոլոգիական կենտրոն Հայաստանի ճարտարագիտական համալսարանի վանաձորյան մասնաճյուղի տարածքում, ապա ներդրվելու են  բովանդակային ծրագրերը՝ կադրերի պատրաստում և բիզնեսի աջակցում։ Տեխնոլոգիական կենտրոնի գործունեությունը ներառելու է երեք ուղղություն՝ ինֆորմացիոն տեխնոլոգիաներ, մուլտիմեդիա եւ ճարտարագիտություն:
 (ՁԻՀ) տնօրենը կարևորեց տեխնոլոգիական կենտրոնների ապակենտրոնացումը, որպեսզի աշխարհի առաջատար կազմակերպությունների կողմից փոխանցվող փորձն ու գիտելիքները չկենտրոնանան միայն Երևանում: 
Ինչ վերաբերում է Արցախում  տեխնոլոգիական կենտրոնի բացմանը, ապա, ըստ  Բ. Ենգիաբրյանի, դա փորձ էր քաղաքական իմաստով:  «Հետաքրքիր էր տեսնել, թե արդյոք պատրաստ են արտասահմանյան և երևանյան կազմակերպությունները գնալ Արցախ»,- ասաց Բ. Ենգիաբարյանը` հավելելով, որ այնտեղ արդեն գործում է ամերիկյան կազմակերպություն:
Նա Արցախի օրինակը ևս համարեց հաջողված, քանի որ իրենք այնտեղ ևս կարողացել են փոխել մտածելակերպ. «Արցախցիները սկսել են հավատալ իրենց ուժերին, համոզվել, որ արտասահմանյան կազմակերպությունները անկախ քաղաքական իրավիճակից  գնում են այնտեղ, որտեղ կա գիտելիք եւ մարդկային ռեսուրս»: 
Նորարարական գաղափարների կյանքի կոչման համար ՁԻՀ-ը և ՀՀ կառավարությունը պարբերաբար անցկացնում են դրամաշնորհային մրցույթներ, որոնցից Բ. Ենգիբարյանն առանձնացրեց «Գիտական և տեխնոլոգիական ձեռներեցության ծրագիրը» (STEP), որն ունի 9 տարվա պատմություն. «Այս դրամաշնորհային մրցույթին մասնակցելու համար ամեն տարի դիմում են 60-ից ավելի թիմեր, ինչը բացառիկ երևույթ է աշխարհում. սա նշանակում է, որ ոչ միայն ծրագրերն են լավը, այլև մեծ պոտենցիալ կա»,- ասաց ՁԻՀ-ի տնօրենը:
 Բ. Ենգիբարյանի կարծիքով` այլևս անցյալում է այն տարածված կարծրատիպը, թե միայն Երևանում կարելի է գտնել աշխատանք: Ըստ նրա` ՁԻՀ-ին, ՀՀ կառավարությանն ու մասնավոր հատվածին հաջողվել է ապացուցել, որ Գյումրիում և Վանաձորում կարելի է անել ներդրումներ ոչ պակաս, քան Երևանում: ՁԻՀ-ի տնօրենի պնդմամբ` անհրաժեշտ է գիտակցել, որ Հայաստանի ցանկացած ծայրից կարող ես մշակել գլոբալ արտադրանք և վաճառել աշխարհի ցանկացած կետում, ինչը նրա գնահատմամբ, կարևոր հեղափոխություն է:
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ