«Դուրս մեր գրպանից»-ը կիրակի անցկացնելու է «Աջակցության ավտոերթ` Բաղրամյանի ցուցարաներին» (Տեսագրություն)


«Դուրս մեր գրպանից»-ը կիրակի անցկացնելու է «Աջակցության ավտոերթ` Բաղրամյանի ցուցարաներին» (Տեսագրություն)

  • 02-07-2015 13:51:43   | Հայաստան  |  Հասարակություն



«Դուրս մեր գրպանից» քաղաքացիական նախաձեռնությունը հուլիսի 5-ին Երևանում անցկացնելու է «Աջակցության երթ` Բաղրամյանի ցուցարաներին» պայմանական անվանմամբ ավտոերթ:
 
Ինչպես հուլիսի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց  «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության խորհրդի անդամ Վարդան Հակոբյանը, երթը սկսելու են Նոր Նորքի 6-րդ զանգվածից, անցնելու են Կոմիտասի, Զեյթունի պողոտաներով և եզրափակելու են Բրազիլիայի հրապարակում:
Ըստ նրա` իրենց նախաձեռնության նպատակն է հայաստանյան իշխանություններին ցույց տալ, որ էլեկտրաէներգիայի թանկացման խնդիրը ոչ միայն Բաղրամյան պողոտայում հավաքված ցուցարարներին է հուզում, այլև ամբողջ հանրությանը. «Ավտոերթի օրն իշխանությունները կհամոզվեն սրանում»,- ասաց Վ. Հակոբյանը և հավելեց, որ իրենց նախատեսած ավտոերթն առայժմ միայն իրազեկող բնույթ է կրելու: Նա չբացառեց, որ հնարավոր է գա մի օր, երբ որոշեն անցկացնել նաև անհնազանդության ավտոերթ: 
«Դուրս մեր գրպանից» նախաձեռնության խորհրդի  մեկ այլ անդամ Արսեն Պետրոսյանի խոսքով` Բաղրամյանում ներկայացված հասարակության բողոքը ընդհանուր բողոք է, որը կապված ինչպես հոսանքի թանկացման, այնպել էլ տեսախցիկների, արագաչափերի, կարմիր գծերի և շատ այլ խնդիրների հետ: «Ոստիպանապետը ժողովրդին բազմիցս սթափվելու կոչ արեց, իսկ այսօր մենք ենք իշխանություններին կոչ անում սթափվել և օգտագործել միգուցե իրենց վերջին հնարավորությունը»,- ասաց Ա. Պետրոսյանը:
«Այսօր մեր երիտասարդներն ապացուցեցին, որ իրենք ուժեղ են, չեն վախենում և ամեն ինչ անելու են հաղթանակի հասնելու համար: Միջին տարիքի մարդկանց համար երիտասարդների այս խիզախությունը մեծ ոգևորություն և ուժ է տալիս, իսկ մեզ մնում է միայն աջակցել նրանց»,- նշեց «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամ Արթուր Կրոյանը: Ըստ նրա` Բաղրամյանում հավաքված ցուցարարների պայքարն արդեն տվել է դրական արդյունք, քանի որ ջուրը չթանկացվեց: 
Բանախոսները նշեցին, որ իրենք վաղուց են միացել Բաղրամյանում հավաքված ցուցարարներին, սակայն այսօր պաշտոնապես հայտարարում են ավտոերթի անցկացման մասին, որը նրանց համոզմամբ` կարող է թարմություն հաղորդել շարժմանը:
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play