Տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ


Տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ

  • 02-07-2015 19:06:19   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 







Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Օրակարգի հարցերին անցնելուց առաջ վարչապետը հանդես է եկել ներածական խոսքով, ուր մասնավորապես ասել է. «Հարգելի գործընկերներ, բոլորդ տեղյակ եք, որ հունիսի 30-ին տեղի ունեցած «Տնտեսական օրակարգ» համաժողովում ակադեմիական աշխարհի, գործարար ոլորտի ներկայացուցիչների և հասարակական կազմակերպությունների հետ համատեղ մենք համակողմանիորեն քննարկեցինք մեր տնտեսության առջև ծառացած մարտահրավերները, դրանց լուծման երարաժամկետ ռազմավարություններն ու կարճաժամկետ քայլերը: Համաժողովում հնչեցին թե զգացմունքային ելույթներ, թե առողջ քննադատություն, և թե կոնկրետ առաջարկություններ: Ես ուզում եմ կրկնել համաժողովում հնչեցրած իմ ուղերձը. մեր դռները բաց են բոլոր ողջամիտ առաջարկների ու ծրագրերի համար: Ցանկացած առաջարկ, որը կօգնի մեր ընդհանուր գործին, կգնահատվի ըստ արժանվույն: Հայաստանը կարիք ունի բոլոր շահագրգիռ ու առողջ ուժերի համատեղ ջանքերին ու աշխատանքին: Համաժողովը ցույց տվեց, որ նման քննարկումների կարիք կա: Կարծում եմ՝ այժմ հարկ է այդ քննարկումներն անել այլ ֆորմատով, ավելի ուղղորդված, ավելի մեծ փորձագիտական ներուժի ընդգրկմամբ, ավելի խորը մասնագիտական և ճյուղային: Հանձնարարում եմ բոլոր նախարարներին՝ կազմակերպել նման քննարկումներ, նաև էկոնոմիկայի նախարարությանը՝ աջակցել այս քննարկումների կազմակերպմանը»:


Լուծում կստանան մարզային հրատապ խնդիրները
 

Հանրապետության մարզերում հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրները լուծելու նպատակով կառավարությունը որոշել է մարզպետարաններին հատկացնել շուրջ 4.4 մլրդ դրամ, որով կլուծվեն առաջնահերթ նշանակություն ունեցող հիմնախնդիրները, մասնավորապես, դպրոցաշինության, մշակութային, ջրամատակարարման, ոռոգման և այլ ոլորտներում: «Այս ծրագիրը մենք շատ ենք կարևորում, մեր սուղ հնարավորություններից, պահուստային ֆոնդից համայնքներում հրատապ ծրագրեր իրականացնելու համար 4 միլիարդ 395 միլիոն հատկացնելով», - ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը, տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարին հանձնարարելով առողջապահության նախարարի հետ հետամուտ լինել և զուգահեռ լուծում տալ նաև մանկապարտեզների սանիտարական վիճակի բարելավմանը:

 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play