«Ոսկե ծիրան»-ի շրջանակներում Հայաստան կժամանեն աշխարհահռչակ դերասանուհիներ Օռնելլա Մուտին և Նաստասյա Կինսկին


«Ոսկե ծիրան»-ի շրջանակներում Հայաստան կժամանեն աշխարհահռչակ դերասանուհիներ Օռնելլա Մուտին և Նաստասյա Կինսկին

  • 02-07-2015 16:42:05   | Հայաստան  |  Մշակույթ

Այս տարի «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի (ՄԿՓ) պատվավոր հյուրեր են լինելու համաշխարհային կինոյի աստղեր Օռնելլա Մուտին և Նաստասյա Կինսկին: Ինչպես հուլիսի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց «Ոսկե ծիրան» 12-րդ ՄԿՓ-ի տնօրեն Հարություն Խաչատրյանը, կինոփառատոնի շրջանակներում տեղի կունենա Օ. Մուտիի «Սվանի սերը» կինոնկարի երևանյան պրեմիերան, իսկ հետահայաց ցուցադրությունների ծրագիրը նվիրվելու է Ն. Կինսկիի ֆիլմերին: 
 
Ըստ նրա` «Ոսկե ծիրան»-ի  շրջանակներում Երևան կժամանի նաև  ֆրանսիացի դերասան և ռեժիսոր Պատրիկ Շենեն, ում մասնակցությամբ կկայանա Ստեֆան Բրիզեի «Ես սիրվելու համար չեմ այստեղ» ֆիլմի պրեմիերան:
Հ. Խաչատրյանի խոսքով` «Ոսկե ծիրան»-ը ինչ-որ տեղ ճգնաժամի մեջ է գտնվում, քանի որ փառատոնի շատ հովանավորներ այլևս չեն հովանավորում, ուստի դժվարանում է համաշխարհային կինոյի ներկայացուցիչների ներկայության ապահովումը փառատոնի ընթացքում: «Մենք ուզում ենք, որ փառատոնը մի քիչ առաջ գնա և չդոփի տեղում, իսկ համաշխարհային ճանաչում ունեցող դերասանների և ռեժիսորների հրավիրելով` մենք տոն ենք պարգևում կինոսեր հասարակությանը»,- ասաց Հ. Խաչատրյանը:
Նրա տեղեկացմամբ` բացի վերհոնշյալ արտիստներից Հայաստան են գալու նաև կինոարվեստի մեծ ռեժիսորներ, ինչպիսիք են Քշիշտոֆ Զանուսսին, Ռոման Բալյանը, Ռոբեր Գեդիկյանը, Ռոբ Նելսոնը: 
Հ. Խաչատրյանն անդրադարձավ նաև Մոսկվայի 37-րդ միջազգային կինոփառատոնում (ՄՄԿ) ստացած իր մրցանակներին.  Նա մասնավորապես նշեց, որ ՄՄԿ-ն իրեն հանձնել է մրցանակ կինոարվեստի և հայ-ռուսական մշակութային համագործակցության գործում ունեցած մեծ ավանդի համար, իսկ ռուս կինոգետները և կինոքննադատները իրեն պարգևատրել են հեղինակավոր «Փիղ» մրցանակով` համաշխարհային կինոյում ունեցած մեծ ավանդի և միջազգային կինոփառատոնի` «Ոսկե ծիրան»-ի հիմնադրման համար:
 
 
Էլիզա Զախարյան, «ՆոյյաՆ Տապան»
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ