ՌԴ-ն Վ.Պերմյակովի գործը հանձնելով ՀՀ քննչական կոմիտեին՝ օժանդակում է իր քաղաքացուն. ԳԱԼԱ


ՌԴ-ն Վ.Պերմյակովի գործը հանձնելով ՀՀ քննչական կոմիտեին՝ օժանդակում է իր քաղաքացուն. ԳԱԼԱ

  • 02-07-2015 17:57:54   | Հայաստան  |  Վերլուծություն
Permyakov1

Ավետիսյանների յոթ հոգանոց ընտանիքի սպանության հիմնական մեղադրյալ, Գյումրիում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի գործը ՀՀ քննչական կոմիտեին հանձնելու մասին  տեղեկությունը տարածեց Սերժ Սարգսյանի գրասենյակը, երբ ՀՀ քաղաքացիները փակել էին Բաղրամյան պողոտան եւ պահանջում էին չեղարկել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը:

Այս տեղեկությունը նախ եւ առաջ ընկալվեց որպես ռուսաստանյան կողմից զիջում, որը մատուցվում է հատուկ նպատակով՝ հասարակության շրջանում առկա լարվածությունը թուլացնելու, հակառուսական տրամադրություններ չբորբոքելու եւ ՀՀ իշխանությունների նկատմամբ էլ վստահությունը փոքր-ինչ վերականգնելու փորձ, հատկապես, որ գյումրեցի ընտանիքի սպանության  հարցը ՀՀ քաղաքացիների համար բավականին նուրբ հարց է, եւ ՀՀ քաղաքացիների պահանջը մարդասպանության մեջ մեղադրվողին հայկական կողմին հանձնելու վերաբերյալ այսօր էլ արդիական է:

Սակայն բավական է փոքր-ինչ խորամուխ լինել հարցի էության մեջ եւ առաձնապես իրավական գիտելիքներ չեն պահանջվում ենթադրելու համար, որ ամբողջ պրոցեսը միտված էր մեկ նպատակի՝ ՌԴ-ն դարձյալ փորձ է անում այս կերպ օժանդակել  իր քաղաքացի, մեղադրյալ Վ. Պերմյակովին:

Նախ գործի քննության փոխանցումը հայկական կողմին չի ենթադրում Վ. Պերմյակովի փոխանցում, քանի որ մեղադրյալը հիմա էլ, այսուհետ էլ շարունակելու է մնալ ՌԴ իրավապահների մոտ: Եվ միայն նրա ցուցմունքները կամ ցուցմունքների կրկնօրինակն են փոխանցում հայ իրավապահներին: Նույնը չի կարելի ասել դատական պրոցեսի մասին: Դատական ամբողջ գործընթացը տեղի է ունենալու հայաստանյան դատարանում. գործը քննելու է Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանը: Նշանակում է՝ պատժաչափ սահմանելու հարցում առաջնորդվելու են ՀՀ օրենսդրությամբ:

Ինչպես հայտնի է, Հայաստանի Հանրապետությունում մահապատիժը չեղյալ է հայտարարված 2003 թ.-ից եւ Քրեական նոր օրենսգրքի համաձայն մահապատժին փոխարինել է ցմահ բանտարկությունը։

Այնինչ ՌԴ օրենսդրությամբ մահապատիժը վերացված չէ, այլ պարզապես չի կիրառվում՝ կապված Ռուսաստանի միջազգային որոշ պարտավորությունների հետ:

Այնպես որ, դաժան սպանության գործի քննության հանձնումով իրականում մի քանի հարց են լուծում. նախ  հայ հանրությանը համոզում են, որ ՌԴ կողմը զիջումների է գնացել եւ գործը հանձնել է հայկական կողմին, այնուհետ կվերանան գործի հետ կապված հայ հանրության բոլոր կասկածները, որ ՌԴ կողմն ինչ-որ բան պարտակեց, եւ ապա՝  Վ. Պերմյակովը չի դատապարտվի մահապատժի:

Այս ամենի հետ մեկտեղ անմիջական շփումը մեղադրյալի հետ կբացառվի, իսկ հայ իրավապահները հնարավորություն են ունենալու շփվելու ոչ թե Վ. Պերմյակովի, այլ միայն ծանոթանալու նրա ցուցմունքների հետ: Նա կներկայանա դատարան փաստաբանի հետ եւ կրկին հետ կգնա ռազմաբազա, մինչեւ գործի քննության ավարտն ու պատժաչափի սահմանումը:

Քրիստինա Մկրտչյան

ԳԱԼԱ

Նոյյան տապան  -   Վերլուծություն