Հայաստանի համար տարածաշրջանային աստղագիտական կենտրոն դառնալն ունի ռազմավարական նշանակություն. Արեգ Միքայելյան


Հայաստանի համար տարածաշրջանային աստղագիտական կենտրոն դառնալն ունի ռազմավարական նշանակություն. Արեգ Միքայելյան

  • 02-07-2015 18:13:15   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Հայաստանը միջազգային աստղագիտական միության  (ՄԱՄ) կողմից ճանաչվել է որպես տարածաշրջանային աստղագիտական կենտրոն: Ինչպես հուլիսի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող, «Հայաստանը որպես տարածաշրջանային աստղագիտական կենտրոն» ծրագրի ղեկավար Արեգ Միքայելյանը, նման պաշտոնական կարգավիճակը մեծ նվաճում է Հայաստանի համար հատկապես միջազգային ասպարեզում սեփական հեղինակության բարձրացման տեսանկյունից:
 
Ըստ նրա` ՄԱՄ-ն աստղագիտության զարգացման ռազմավարական գլոբալ ծրագիր է ընդունել և աշխարհը բաժանում է տարածաշրջանների, որոնցից յուրաքանչյուրում ընտրում է մեկ երկիր՝ որպես տարածաշրջանի աստղագիտական կենտրոն. «Այս առումով Հայաստանի համար  տարածաշրջանային աստղագիտական կենտրոն դառնալը ևս ունի ռազմավարական մեծ նշանակություն»,- ասաց Ա. Միքայելյանը:
Նրա պնդմամբ` գիտության ճյուղերը և առհասարակ բոլոր բնագավառների զարգացումը սերտորեն կապված է աստղագիտության հետ:
 «Մենք պետք է գիտակցենք, որ գիտության զարգացումը կարող է էական նշանակություն ունենալ անգամ աղքատ երկրների տնտեսության զարգացման վրա»,- ասաց Ա. Միքայելյանը և հավելեց, որ գիտության, կրթության և մշակույթի զարգացումն է լինելու  Հայաստանի հաղթաթուղթը տարածաշրջանի երկրների նկատմամբ: 
Նրա խոսքով` տարածաշրջանում աստղագիտական կենտրոն դառնալու հավակնություն ունեցել է 7 երկիր, սակայն ՄԱՄ-ը ընտրել է Հայաստանը:
«Առաջին անգամ հայտը ներկայացվել է 2010 թվականին. այս հինգ տարիների ընթացքում պարբերաբար աշխատել ենք, հաշվի ենք առել ՄԱՄ-ի հանձնաժողովի դիտողությունները և լրացումները, 12 էջանոց հայտը բերել ենք ավարտուն տեսքի, ինչի արդյունքում ՄԱՄ-ը ոչ միայն ընդունեց Հայաստանի հայտը, այլև այն ճանաչեց` որպես տարածաշրջանային աստղագիտական կենտրոն»,- նշեց Ա. Միքայելյանը:
Վերջինիս տեղեկացմամբ` ըստ ՄԱՄ-ի պահանջների Հայաստանում պետք է ստեղծվի տարածաշրջանային վերահսկիչ հանձնաժողով, որի կազմում ընդգրկվելու են տարբեր երկրները ներկայացնող աստղագետներ և գիտնականներ, այնուհետև կազմակերպվելու են խոշոր գիտնականների, այդ թվում նաև Նոբելյան մրցանակակիրների այցերը Հայաստան:
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play