Ֆրանսահայ բարերարներն Արցախում են


Ֆրանսահայ բարերարներն Արցախում են

  • 03-07-2015 17:01:20   |   |  Հասարակություն

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հուլիսի 2-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ Ֆրանսիայի մասնաճյուղի մի խումբ անդամների՝ Արցախում Հիմնադրամի՝ Ֆրանսիայի տեղական մարմնի մշտական ներկայացուցիչ Միշել Տանկրեզի գլխավորությամբ:
 
Հիմնադրամի աշխատանքներին ծանոթանալու նպատակով Արցախ  ժամանած հյուրերին` նրանց թվում նաև Շարանտի քաղաքապետին ողջունելով՝ Արայիկ Հարությունյանը, մասնավորապես, ասել է. «Բարով եք եկել Արցախ, մի հող, որն առանձնանում է  իր հյուրասիրությամբ, բնությամբ և պատմությամբ, և որի զարգացման գործում դուք ևս ունեք ձեր ներդրումը»: Վարչապետն ընդգծել է Արցախի կյանքում ֆրանսիահայ և ֆրանսիացի բարերաների մասնակցության նշանակությունը, ովքեր տարբեր խողովակներով աջակցել են բարեգործական ծրագրերի իրագործմանը` հիմնականում կրթության, մշակույթի, սպորտի և ենթակառուցվածքների բնագավառներում:
 
Վարչապետը հատուկ շնորհակալություն է հայտնել հանդիպմանը ներկա՝ Ասկերանի շրջանի Շոշ գյուղի համայնքային կենտրոնի նվիրատուին՝  կարևորելով նորակառույց շենքի դերը համայնքային կյանքին նոր շունչ ու ոգի հաղորդելու գործում: Ի պատասխան՝ բարերարը խոստովանել է, որ նվիրատվությունը կատարել է ի հիշատակ Հայոց ցեղասպանությանը զոհ դարձած իր ծնողների և հանուն հայրենիքի զարգացման:
 
Հանդիպման ընթացքում վարչապետը պատասխանել է բարերարներին  հետաքրքրող մի շարք հարցերի: Հյուրերը շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության համար և հույս հայտնել, որ տնտեսության զարգացման շնորհիվ   բնակչությունն ավելի ամուր կկանգնի հայրենի հողի վրա:
 
ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնիցծ հայտնում են՝ հանդիպմանը ներկա էին կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Լևոն Գրիգորյանը,  Հիմնադրամի ԼՂՀ մասնաճյուղի ներկայացուցիչ Վալերի Ղազարյանը:
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն