ՏԿԱԻՆ շարքերը համալրվում են


ՏԿԱԻՆ շարքերը համալրվում են

  • 03-07-2015 18:49:43   | Հայաստան  |  Հասարակություն

ՏԿԱԻ նախարարը շնորհավորել է ՃԿՊԱ շրջանավարտներին և հանդիպել պատանի փրկարարներին

Հուլիսի 3-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության շարահրապարակում տեղի ունեցավ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին նախարարության ղեկավար կազմը, աշխատակիցներ, շրջանավարտների ծնողներն ու այլ հյուրեր:

Տոնական ուղերձում ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը մասնավորապես ասաց.
- Կուզենայի, որ այս օրը միշտ մնար ձեր հիշողության մեջ: Դուք գիտեք, որ մենք ունենք շատ հզոր նախարարություն, և ձեզանից յուրաքանչյուրը կարող է դառնալ դրա մի մասնիկը: Դուք թևակոխում եք կյանքի նոր, դժվարին փուլ, որը ես վստահ եմ` նույնպես հաջողությամբ կհաղթահարեք: Մաղթում եմ ձեզ հաջողություններ և ամենայն բարիք:
Ուսանողներին շնորհավորելով` ՃԿՊԱ ռեկտոր, փ/ծ գնդապետ Համլետ Մաթևոսյանն ընդգծեց, որ նրանք այսօր ստանում են մի փաստաթուղթ, որը վկայում է ակադեմիայում ուսանելու տարիներին քրտնաջան աշխատանքի մասին:
Հանդիսավոր արարողությամբ դիպլոմները շրջանավարտներին հանձնեցին ՀՀ ՏԿԱԻ նախարար Ա. Երիցյանը, նախարարի առաջին տեղակալ Վ. Տերտերյանը, նախարարի տեղակալ Հ. Մխիթարյանը, ՓԾ տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Ս. Ազարյանը և ՃԿՊԱ ռեկտոր, փ/ծ գնդապետ Համլետ Մաթևոսյանը:
7 մասնագիտությունների գծով բարձրագույն կրթության դիպլոմ շնորհվեց 174 շրջանավարտի, որից 6-ը` ակադեմիան ավարտել են գերազանցությամբ: Միջին մասնագիտական կրթական ծրագրով դիպլոմ ստացավ 36 ուսանող, որից 7-ը` գերազանց գնահատականներով։

ՃԿՊԱ շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունից հետո ՀՀ ՏԿԱԻ նախարար Ա. Երիցյանը հանդիպեց պատանի փրկարարների ջոկատին, որը հուլիսի 9-18-ը մասնակցելու է Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայանալիք Պատանի հրշեջ-փրկարարների միջազգային հավաքին։
Նախարար Երիցյանը խրախուսեց պատանիներին` նշելով, որ իրենք միջազգային հավաքում Հայաստանը ներկայացնելու են որպես արտակարգ իրավիճակների կառավարման զարգացած ու հզոր համակարգ ունեցող երկիր, որի կարճ ժամանակում ունեցած ձեռքբերումներն օրինակելի են այլ երկրների համար:
ՓԾ տնօրենին նախարար Ա. Երիցյանը հանձնարարեց ամենայն աջակցություն ցուցաբերել պատանի փրկարարներին` ապահովելով նրանց պատրաստվածությունը և ուղևորությունը Բելառուս:
Հանդիպմանը պատանի փրկարարների ջոկատի անդամներից մեկը շվի նվագեց` նախարարին ցուցադրելով իրենց պատրաստած ելույթից մի փոքրիկ հատված:
Պատանի փրկարարների ջոկատում ընդգրկված է 12-13 տարեկան 7 աղջիկ և տղա, որոնք ընտրվել են Հայաստանի տարբեր մարզերում և մայրաքաղաքում անցկացված պատանի հրշեջ-փրկարարների մրցումների արդյունքում։
Բելառուսում անցկացվող միջազգային հավաքն ավանդաբար կազմակերպվում է ամեն տարի և բաղկացած է երկու` սպորտային ու մշակութային մասերից։ ՀՀ ՏԿԱԻ նախարարության պատանի հրշեջ-փրկարարների թիմը հավաքին մասնակցում է արդեն 4-րդ տարին և ամեն անգամ վերադառնում է պարգևներով: Անցյալ տարի հավաքի մշակութային մրցույթում հայ պատանիների թիմն առանձնացել էր գեղեցիկ բեմադրությամբ ու արժանացել առաջին պատվավոր մրցանակին։
 

 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play